Տնտեսական աճը զարգացման հիմքն է. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպեց ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1645

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի տնտեսագիտական մայր բուհում էր և ուսանողների համար հանդես եկավ «Արցախի տնտեսական հեռանկարները և զարգացման տեսլականը» թեմայով բանախոսությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, դեկաններ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, այդ թվում՝ արցախցի:

Ներկաներին ողջունեց Վարդ Ղուկասյանը և Արցախ-ՀՊՏՀ փոխգործակցության համատեքստում ընդգծեց,  որ սա Արայիկ Հարությունյանի հերթական այցն է ՀՊՏՀ, ապա խոսքը տրամադրեց նրան: Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ Տնտեսագիտական համալսարանն իրեն հարազատ է, մասնավորապես 1990-1994թթ. ուսանել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում: Բանախոսության ընթացքում նա անդրադարձավ Արցախի տնտեսության զարգացման ընթացքին, ձեռքբերումներին, ներկայացրեց մակրոտնտեսական ցուցանիշներ՝ շեշտադրում կատարելով, որ տնտեսության առանցքային ոլորտներում  Արցախի Հանրապետությունը կարողացել է մեծ նվաճում արձանագրել՝ տնտեսությունը լիովին բավարարում է սեփական կարիքները:

Այնուհետև ուսանողները  իրենց հարցերը հղեցին Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերում էին հարկային և բանկային քաղաքականությանը,  գործազրկությանը, համալսարաններ-պետական հատված և գործարար հատված համագործակցությանը, կադրային քաղաքականությանը: Արցախի Հանրապետության նախկին վարչապետը մանրամասն անդրադարձավ հնչած հարցերին, ներկայացրեց իր մոտեցումները՝ շեշտադրելով, որ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը տնտեսական զարգացումն է և միայն տնտեսական աճն է, որ ապահովում է պետությունների զարգացումը բոլոր ուղղություններով:  «Ամեն ինչի զարգացման հիմքում տնտեսական աճն է»,- ասաց նա:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել՝ համոզմունք հայտնելով, որ տաղանդավոր ու պրպտող երիտասարդ մասնագետը միշտ էլ մրցունակ է և անկասկած կգտնի արժանի աշխատանք: Հրաժեշտի խոսքում, շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը, նա պատրաստակամություն հայտնեց ՀՊՏՀ ուսանողության հետ նոր հանդիպումներ կազմակերպելու, նոր մեկնաբանություններ ու դիրքորոշումներ ներկայացնելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին