Տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

Դիտումների քանակ՝ 1175

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն այսօր անցկացրեց այս տարվա վերջին նիստը: Օրակարգի առաջին հարցը ուսանողական խորհրդի հաշվետվությունն էր  ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մասին: Հարցը զեկուցեց ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ ուսանողական խորհրդի հաշվետվությունը ներկայացնելով մեկ տեսանյութով: Ըստ այդմ՝ անցած մեկ տարվա ընթացքում ուսանողական խորհուրդը շարունակել է իր շուրջը համախմբել ուսանողներին, կազմակերպվել են օլիմպիադաներ, տնտեսագիտական ուսանողական գիտաժողովներ, մարզական և մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, «Ոսկե աշուն», «Ուսանողական գարուն» ավանդական դարձած մրցույթ-փառատոններ, բանավեճեր, բաց դասեր, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր ու թանգարաններ: Ուսանողները նաև ակտիվորեն մասնակցել են նաև հայրենասիրական ծրագրերին. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ պարբերաբար այցելություններ են կատարել տարբեր զորամասեր, սահմանային գոտիներ:

Հաշվետվության ներկայացումից հետո գիտական խորհրդի նախագահ, համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հայաստանյան բուհերի ուսխորհուրդների շարքում առաջատար է, սակայն չպետք է սահմանափակվի եղած ձեռքբերումներով և պետք է ձգտի դառնալ լավագույնը: Գիտխորհուրդը բուհի ՈՒԽ աշխատանքը գնահատեց բավարար, հաշվետվությունը հաստատեց:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող հաշվետվությունները ներկայացրեցին ծրագրի ավագ գիտաշխատող, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և ծրագրի գիտական ղեկավար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը: Գիտխորհուրդը հաստատեց այս հաշվետվությունները, ինչպես նաև ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին