Տարեվերջյան ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 1159

2014 թվականի վերջին ռեկտորատը կայացավ այսօր: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը խոսքը տրամադրեց  ֆակուլտետների դեկաններին՝ ներկայացնելու մագիստրատուրայի գիտամանկավարժական պրակտիկայի պաշտպանության արդյունքները:

Այլ ընթացիկ հարցերի քննարկումից հետո տեղի ունեցավ հաճելի արարողություն. ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լուսինե Իսկանդարյանը և Քնարիկ Դավթյանն արժանացել են «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի սահմանած և «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ֆինանսավորվող անվանական կրթաթոշակի և  հանձնեց հավաստագիրը:

Նիստի ավարտից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Քնարիկը պատմեց, որ ինքը և Լուսինեն այս կրթաթոշակին արժանացել են «Ռոսգոսստրախ–Արմենիա»-ի հայտարարած մրցույթի արդյունքում, որն անցկացվել է 2 փուլով՝ մասնագիտական հարցազրույցների և թեստերի միջոցով, և իրենք լավագույնն են ճանաչվել 20 մասնակիցների շարքում:

Բացի անվանական կրթաթոշակից, մեր ուսանողուհիները հնարավորություն են ստացել նաև փորձառություն անցնելու «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին