ՀՊՏՀ ներկայացուցիչները այս տարվա բարեգործական այցերն ամփոփեցին Էջմիածնում և Պռոշյանում

Դիտումների քանակ՝ 1278

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ու ավագ, միջնակարգ  դպրոցների և քոլեջների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում մեր համալսարանի ներկայացուցիչներն այս տարվա վերջին բարեգործական այցեր են կատարել դեպի Պռոշյան և  Էջմիածին: Այս անգամ ևս բարեգործությունը հասցեագրված էր նշված համայնքների միջնակարգ դպրոցներում սովորող սոցիալապես անապահով աշակերտների ընտանիքներին:

Դպրոցների, քոլեջների հետ համալսարանի համագործակցությունը համակարգող Լուսինե Կարագուլյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ դպրոցների տնօրեններից նախապես տեղեկացել են կարիքի մեջ գտնվող աշակերտների բնակության հասցեների մասին և նրանց ընտանիքներին տրամադրել օգնություն՝ սննդի, հագուստի և խաղալիքների տեսքով:

ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանն իր խմբի ուսանողների հետ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մի խումբ ներկայացուցիչներ և մակրոէկոնոմիկայի ամբիոնի ուսանողներ՝ դասախոս Գայանե Ավագյանի գլխավորությամբ, փորձել են իրենց այցով փոքր-ինչ թեթևացնել անապահով ընտանիքների բեռը և նրանց ուրախ ակնթարթներ պարգևել:

«Սոցիալապես անապահով աշակերտների ընտանիքներին  ուշադրության կենտրոնում պահելն ու աջակցելը կարևոր է: Ցանկանում եմ նշել, որ մեր բարեգործական այցերը օրինակ են ծառայում ուսանողների համար, սովորեցնում են նրանց գթասիրտ լինել, հնարավորինս աջակցել անապահով ընտանիքներին:

Մեր դասախոսներին ևս կոչ եմ անում ուսանողների շրջանում սերմանել օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բուհի ղեկավարությանը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանին, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանին», -ասաց Լուսինե Կարագուլյանը: Վերջինիս խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքներին ՀՊՏՀ-ի կողմից ցուցաբերած նյութական աջակցությունը առավել քան անհրաժեշտ էր հենց Ամանորի նախաշեմին:

Ի դեպ, վերոնշյալ բարեգործական այցերի ընթացքում ՀՊՏՀ-ականները եղել են նաև նշված համայնքների դպրոցներում, նվիրել են դասագրքեր, Տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» պաշտոնաթերթի օրինակներ, ուղեցույցներ և այլն:

Նշենք, որ ՀՊՏՀ-ի ու ավագ, միջնակարգ  դպրոցների և քոլեջների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, աշակերտներն ու քոլեջի սաները հյուրընկալվում են մեր համալսարանում, ծանոթանում բուհին, կրթական ծրագրերին, ուսանողական առօրյային: Այս տարի բազմիցս նմանատիպ այցեր են եղել, ՀՊՏՀ-ի կողմից նյութական աջակցություն է ցուցաբերվել  անապահով մի շարք ընտանիքների:

Ծրագրի համակարգող Լուսինե Կարագուլյանը նշեց, որ փոխադարձ այցերը, բարեգործական ակցիաները գալիք տարվանից կրկին կշարունակվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին