Սեմինար-աշխատաժողով ՀՊՏՀ-ում. առանցքում բուհերի ֆինանսական կառավարման հարցերն են

Դիտումների քանակ՝ 1571

«Համալսարանի ֆինանսական կառավարումը և եկամտի դիվերսիֆիկացման ռազմավարությունները» թեմայով միջազգային սեմինար-աշխատաժողովը  համախմբել է հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչների և կրթության փորձագետների. այսօր առավոտյան ՀՊՏՀ-ում մեկնարկած միջոցառումն անցկացվում է Հայաստանում «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ: Մասնակցում են նշված գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, համալսարանների պրոռեկտորներ, ֆինանսական և այլ  բաժինների աշխատակիցներ, ուսանողներ:  Աշխատաժողովի բացմանը ՀՊՏՀ-ից ներկա էին անձնակազի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ֆինանսական ֆակուլտետի ուսանողներ:

Հատուկ հյուրերի շարքում են Եվրոպական համալսարանական ասոցիացիայի կառավարման, ֆինսավորման և հանրային քաղաքականության զարգացման գծով փոխտնօրեն Էնորա Բեննետոտ Փրուվոթը և Դուբլինի համալսարանի գլխավոր ֆինանսիստ Յան Մեթյուզը, ովքեր էլ վարում են աշխատաժողովը, բանախոսում հիմնական՝ համալսարանների ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման, եկամտի դիվերսիֆիկացման,  կրթության որակի բարելավման հարցերի շուրջ: Յան Մեթյուզը ներկայացնում է իր համալսարանի ֆինանսական կառավարման փորձը, որը կարող է օգտակար լինել հայաստանյան բուհերի համար:

Ողջույնի խոսքում Լանա Կառլովան ընդգծեց, որ համալսարանների կառավարման հարցերը միշտ արդիական են, շարունակական քննարկման կարիք ունեն և այս տեսանկյունից անհրաժեշտ են շահառուների հանդիպումները, փորձագետների խորհրդատվությունները: Այս համատեքստում նա կարևորեց նաև Տեմպուսի «Աթենա» (ATHENA) ծրագրի արդյունքները:

ՀՊՏՀ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՀ ՊԿԱ, ՀԱԱՀ, ԵԹԿՊԻ, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, ՎՊՀ և մասնակից այլ համալսարանների ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում ասացին, որ աշխատաժողովից ակնկալում են ֆինանսական կառավարման հարցերին առնչվող օգտակար տեղեկատվություն և ուրախ են հաղորդակցվելու միջազգային փորձին:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին