Տեղի ունեցավ «Ուսանողական աշուն - 2017» մարզամշակութային փառատոնի բացումը

Դիտումների քանակ՝ 1965

ՀՊՏՀ բակում ֆելշմոբով այսօր տրվեց «Ուսանողական աշուն - 2017» մարզամշակութային փառատոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը և որպես հյուր՝ սպորտային մարմնամարզության աշխարհի կրկնակի գավաթակիր, համաշխարհային մարզական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ուսանողներին ողջունեց և փառատոնի բացման առթիվ շնորհավորեց համալսարանի ռեկտորը՝ իր ուրախությունը հայտնելով համալսարանում ավանդաբար անցկացվող սույն փառատոնների առթիվ: «Ես շատ եմ կարևորում և՛ սպորտը, և՛ մշակույթը, որովհետև սպորտը կոփում է ձեր մարմինը, իսկ մշակույթը գեղեցկացնում է ձեր հոգին: Արդար մրցակցեք և հաղթանակներ կերտեք»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Առողջ մրցակցության մաղթանք և սպորտով զբաղվելու կոչ հնչեցրեց Արթուր Թովմասյանը, իսկ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը նշեց՝ տարեցտարի համոզվում են, որ մարզամշակութային փառատոնների անցկացումը հիմնավոր է, և դրանք իրենց շուրջն են համախմբում բուհի մի քանի հարյուր ուսանողների: ՈՒԽ նախագահը աջակցության համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և ՀԵՀ-ին:

ՀՀ օրհներգի հնչյուններով ավարտվեց փառատոնի հանդիսավոր մասը և 6 ֆակուլտետների, այս տարի նաև՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի թիմը, անցան մարզադահլիճ՝ շարունակելու մարզական խաղերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին