Գյումրիի զարգացման ծրագիրը ներկայացվեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում

Դիտումների քանակ՝ 1669

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն այսօր հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի, «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներին: Առիթը  Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ 4 քաղաքներում  իրականացվելիք վարկային ծրագրերից Գյումրիի զարգացման ծրագրի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ::

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահի օգնական Գայանե Եղիազարյանը՝ իրենց ՀԿ-ի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ կազմակերպած հանդիպման  նպատակն է ծանոթանալ Ասիական զարգացման բանկի՝ Գյումրու զարգացմանն ուղղված  առաջարկներին  և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասնակցությամբ քննարկել դրանք: Գայանե Եղիազարյանը նշեց նաև, որ այդ աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է հանձնախումբ, որի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

Հանդիպմանը սկզբում Սամվել Ավետիսյանը ներկայացրեց հյուրերին, ապա նշեց, որ հանդիպման բուն նպատակն է գտնել Գյումրու զարգացման ծրագիրն իրագործելու համար կառուցողական առաջարկներ: Հետազոտական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ առաջարկները պետք է ընդունելի լինեն նաև Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի կողմից: «Մեզ համար կարևորը  այնպիսի ծրագիրն է, որը կապահովի զբաղվածություն: Որոշեցինք այսօր բաց քննարկում անցկացնել, որի  արդյունքում, կարծում եմ, կստանանք կոնկրետ առաջարկներ»,-նշեց պրոֆեսորը:

Զեկուցումներով հանդես եկան Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կողմից առանձնացված  ռազմավարական ծրագրերին, որից  հետո ծավալվեց հետաքրքիր երկխոսություն: ԱԶԲ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ ծրագիրը դեռևս գտնվում է մշակման փուլում և այսպիսի քննարկումները կարևոր են գերակայությունները ճշգրտելու համար: Նրանց կարծիքով՝ Գյումրի քաղաքի համար կիրականացվի ներքաղաքային տրանսպորտի համալիր զարգացման ծրագիր, որը համակարգաստեղծ նշանակություն կունենա գործարար միջավայրի ակտիվացման և բնակչության բարեկեցության բարձրացման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին