Մեկնարկել է բասկետբոլի աղջիկների միջֆակուլտետային առաջնություն

Դիտումների քանակ՝ 1042

ՀՊՏՀ  ֆակուլտետները մրցում են բասկետբոլի  աղջիկների առաջնությունում. այսօր մեկնարկել են  միջֆակուլտետային խաղեր, որոնք կտևեն մինչև այս  շաբաթվա վերջ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, ողջունելով ուսանողների հետաքրքրվածությունն ու ոգևորությունը մարզական խաղերի նկատմամբ, նշեց.

«Այս առաջնությունը «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացված  մարզական խաղերի այսպես ասած՝  հաճելի հետևանքն է: Ոգևորված լինելով անցկացված խաղերով՝ տարբեր ֆակուլտետների ուսանողուհիներ առաջարկել են  կազմակերպել  նաև բասկետբոլի աղջիկների առաջնություն: Առաջարկին ընդառաջ՝ մեր ամբիոնի և ուսանողական խորհրդի  հետ համատեղ անցկացնում ենք  բասկետբոլի աղջիկների առաջնություն  և հավանաբար, մյուս տարվա ներբուհական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունում  կընդգրկենք նաև աղջիկներին (այս տարի անցկացվեց միայն բասկետբոլի տղաների առաջնություն)»,-ասաց ամբիոնի ղեկավարը և հավելեց՝ քանի որ մարզական խաղերն արդեն եզրափակվել են, այս առաջնությունը անցկացվում է «Ուսանողական աշուն-2014» փառատոնի շրջանակներից դուրս:

Մաղթում ենք առողջ մրցակցություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին