Սեմինար՝ «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները ՄՄ-ին անդամակցության պայմաններում» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1772

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդակցությունների սրահում այսօր տեղի ունեցավ «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների խորացման ազդեցությունը ՀՀ ազգային մրցունակության  վրա» խորագրով գիտական սեմինար՝ «ՀՀ տնտեսության ոլորտային  զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միությանն անդամակցության պայմաններում» ծրագրի շրջանակներում:

«Հայաստանի տնտեսության համեմատական առավելությունները տարածաշրջանային ինտեգրման համատեքստում» զեկուցումով հանդես եկավ հետազոտական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը:

Նա խոսեց ընդհանուր մաքսատուրքի ներդրման հնարավոր ծախսատարության պատճառների, մաքսային արժեքների որոշման մեթոդների խնդրի մասին, ներկայացրեց Մաքսային միության  ստատիկ և դինամիկ ազդեցությունները անդամակցող երկրի վրա, արտաքին առևտրում ՀՀ և ՌԴ համեմատական առավելությունները (աղյուսակի տեսքով) , անդրադարձավ Բելլա Բալասայի համաթվին և այլն:

Հետազոտական խմբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Դավիթ Հախվերդյանը  ներկայացրեց մոդիֆիկացված գրավիտացիոն մոդելի ֆունկցիոնալ ձևը, դրանում առավել հաճախ օգտագործվող ցուցանիշները, գրավիտացիոն մոդելի էվոլուցիան, սահմանափակումները և այլն: Վերջում բանախոսն անդրադարձավ հիպոթեզներին:

Սեմինարի ավարտին,  թեմայի քննարկումից հետո, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց  բանախոսներին և կոչ արեց նկատի ունենալ քննարկման ժամանակ «Ամբերդի» աշխատակիցների կողմից  հնչեցված առաջարկություններն ու նկատառումները:

Հավելենք, որ վերոնշյալ հետազոտական  խմբի ղեկավարն է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին