Բիզնեսի սոցիալական կորպորատիվ պատասխանատվության և կրոն-բիզնես փոխհարաբերությունների հետ կապված հարցերը՝ «Ամբերդի» ընթացիկ սեմինարում

Դիտումների քանակ՝ 1878

«Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական ծրագրի շրջանակներում «Ամբերդում» այսօր կայացավ գիտական սեմինար՝ «Բիզնեսմենի  բարոյական նկարագրի  գնահատման բաղադրիչները: Բիզնեսի վարման վարվելակարգի (էթիկետի) և  վարքականոնի հիմնական սկզբունքները» խորագրով: Հետազոտական խմբի ղեկավար,  ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր  Արամ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նախորդ սեմինարից հետո խումբը փորձել է ավելի շատ աշխատել կիրառական-գործնական ուղղությամբ և աշխատանքում ավելացրել է նոր ՝ «Բիզնեսի վարման մշակույթ» գլուխը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես պետք է գեղեցիկ վարել բիզնեսը:

Սեմինարի բանախոսներն էին փ.գ.թ., դոցենտներ  Մարիետա Նիկողոսյանը և Յուրի Հովականյանը: Մարիետա Նիկողոսյանը խոսեց «Բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» եզրույթի մասին, ապա անդրադարձավ բարեգործություն երևույթին, բացատրեց  այն նաև հոգեբանական տեսանկյունից: Խոսվեց Լազարյաններ, Գյուլբենկյան, Մանթաշյան բարեգործների և բարեգործական  մի շարք հիմնադրամների մասին: Բանախոս Յուրի Հովականյանը ներկայացրեց «Կրոնը և բիզնեսը»  թեման, խոսեց 3 համաշխարհային կրոնների պատկանող հանրույթում բիզնեսի ընկալման մասին: Ինչպիսի՞ն է քրիստոնեության, մահմեդականության, արևելյան կրոնների, հրեականության մոտեցումը բիզնես երևույթին. այս հարցերի պատասխանները ուշագրավ օրինակներով համեմած ներկայացրեց  դոցենտ Յուրի Հովականյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե հրեական և հայկական բիզնեսները շատ նմանություններ ունեն, մասնավորապես, նման են բիզնեսին առնչվող բարոյական նորմերը,  այդուհանդերձ, մեծ են նաև տարբերությունները: Անդրադարձ կատարվեց արևելյան մենեջմենթին:

Հանդիպման ավարտին Արամ Սարգսյանն ասաց, որ սեմինարների մասն այսպիսով ավարտված  է, շնորհակալություն հայտնեց քննարկումների համար և տեղեկացրեց , որ հետազոտական խումբը շարունակում է աշխատանքը՝ հետազոտության վերջնարդյունքը ներկայացնելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին