Ռեկտորատը հաստատեց ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողների ցուցակը, կարևորեց բուհում գիտական կյանքի աշխուժացումը

Դիտումների քանակ՝ 2029

Ռեկտորատի նիստն այսօր օրակարգային երկու հիմնական հարց էր նախատեսել: Առաջին հարցը զեկուցելու համար ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը խոսքը տրամադրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին: Զեկուցելով 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակում վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովի որոշման մասին՝ պրոռեկտորը նշեց, որ տարբեր կատեգորիաներով ուսման վճարների մասնակի փոխհատուցման համար դիմել է 743 ուսանող, որից զեղչվողների ցուցակում մանդատային հանձնաժողովն ընդգրկել է 653-ին, այդ թվում՝ Քառօրյա պատերազմի մասնակից 96 ուսանողի վարձ զեղչվել է ուսման վարձի 50 %-ի չափով: Մանդատային հանձնաժողովի որոշումը, ռեկտորատը հաստատեց:

Մագիստրատուրայի գիտահետազոտական և ասպիրանտուրայի հետազոտական փորձառությունների բազաների մասին զեկուցեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ գիտաուսումնական 4 լաբորատորիաների ստեղծմամբ իր գործունեությունն է սկսում մի կառույց, որը ինստիտուցիոնալ հիմքի վրա կդնի և՛ մագիստրանտների, և՛ ասպիրանտների փորձառությունը: Պրոռեկտորը նշեց, որ արդեն նկատելի է աշխուժություն, և ամբիոնների ու լաբորատորիաների համագործակցությամբ պետք է ձևավորել գիտահետազոտական փորձառության կազմակերպման բազան, արդյունավետ գործընթացը:

Բուհի գիտական կյանքի աշխուժացման համատեքստում ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ մեր համալսարանի գիտահետազոտական գործունեությունը նկատելի է նաև դրսում: Ռեկտորը հավելեց, որ գիտական գործունեությանն անհրաժեշտ է նոր ծավալ հաղորդել՝ ներգրավելով ավելի շատ գիտնականների:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորեց, որ մեր համալսարանի տնտեսագետները պետք է ձգտեն այդ քննարկումներին մասնակցել որպես փորձագետներ, ապա ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին կոչ արեց առաջիկա՝ ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել պատշաճորեն, որպեսզի այն իսկապես արդի տնտեսագիտության հիմնախնդիրների քննարկման հարթակ ծառայի:

Օրակարգի հարցերից հետո քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր, որոնց մասին զեկուցեցին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, դեկանները: Հիմնականում արծարծվեցին բացակայությունների, ուսման վարձավճարների գանձման ժամկետների մասին  հարցեր:

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը ռեկտորատին հայտնեց, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որին պետք է մասնակցի նաև մեր համալսարանը: Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան 9.30-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին