Կրթաթոշակի արժանացած ՀՊՏՀ-ականներին հանձնվեցին հավաստագրեր

Դիտումների քանակ՝ 1213

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և ուսխորհրդի ներկայացուցիչները՝ նախագահ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիսավոր կերպով  հավաստագրեր հանձնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կրթաթոշակի արժանացած ՀՊՏՀ ուսանողներին:

Պրոռեկտոր Քալանթարյանը, շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակի արժանանալու կապակցությամբ, նշեց, որ թե հիմնադրամը, թե համալսարանի ղեկավարությունը խրախուսում են բարձր առաջադիմությամբ սովորող երեխաներին՝ տրամադրելով ուսման վարձի զեղչեր: Պրոռեկտորը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում կընդլայնվի կրթաթոշակներ, ուսման վարձի զեղչեր ու նպաստներ ստացող ուսանողների շրջանակը:

Ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ հայտարարելով, որ ՀԵՀ-ի  կողմից հայտարարված կրթաթոշակը նախատեսված է հայաստանյան տարբեր բուհերի 1-ին կուրսերի  անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Կրթաթոշակը 80  հազար դրամի չափով ուսման վարձավճարի փոխհատուցում է: ՀՊՏՀ-ից, այդ թվում մասնաճյուղերից (Գյումրի, Եղեգնաձոր) նշված կրթաթոշակին արժանացել են 110 ուսանողներ: ՈՒԽ նախագահի խոսքով, այն ուսանողներին, ովքեր արդեն իսկ վճարել են այս կիսամյակի վարձը, բայց արժանացել են նշված կրթաթոշակին, ՀԵՀ-ը այն կփոխհատուցի հաջորդ տարվա համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Հերմինե Նուրիջանյանը նշեց, որ սովորում է բարձր առաջադիմությամբ, միջին որակական գնահատականը (ՄՈԳ) 86.2 է:

«ՀԵՀ-ի կողմից  արժանացել եմ կրթաթոշակի: Նշեմ, որ  այս նախաձեռնությունը շատ ողջունելի և կարևոր է մեզ՝ ուսանողներիս համար, քանի որ խրախուսում է բարձր առաջադիմությունը և պարտավորեցնում ու  ոգևորում՝ է'լ ավելի լավ սովորելու: Սա ևս մեկ անգամ  ապացուցում է, որ գիտելիքները խրախուսվում են»,- կարևորեց ուսանողուհին:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ուսանողներին հաջողություն մաղթեց ուսման մեջ, նաև հույս հայտնեց, որ լավ սովորողների շարքերում կմեծանա լավ սովորող տղաների թիվը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին