ՀՊՏՀ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտությամբ մագիստրանտները հանդիպել են նախարար Արտեմ Ասատրյանին

Դիտումների քանակ՝ 1149

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի է ունեցել մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրանտների  հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար   Արտեմ  Ասատրյանիհետ:

«Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով լի ժամանակաշրջան ենք անցնում, իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր երիտասարդների ապագային, երկրի զարգացմանը»,-ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի նշել է նախարարը: Նա նաև ասել է, որ ուրախ է «կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ արդիական կրթությամբ առաջին շրջանավարտներն ունենալու կապակցությամբ  և  ավելացրել. «Մենք ձեր կարիքն իրոք ունենք, և ես պատրաստ եմ աջակցել ձեզ՝  դժվարին և պատասխանատու ոլորտում աշխատելու, ձեր մասնագիտական հմտություններն օգտագործելու, մեր երկրի ապագան համատեղ կերտելու  գործում»:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համատեղ մագիստրոսական ծրագիր իրականացնելու մասին պայմանագիրը կնքել է  2011թ. սեպտեմբերի 30-ին: Սա պետական և մասնավոր հատվածի գործատուների հետ իրականացվող համագործակցության պայմանագրերից մեկն է, որով հիմք է դրվել բուհում «կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի իրականացման: Գործատուների հետ համագործակցության այս հատուկ ծրագրով ՀՊՏՀ ղեկավարությունը նպատակ ունի աշխուժացնելու բուհ-գործատու կապը, հնարավորինս աջակցելու շրջանավարտներին՝ աշխատանք գտնելու գործում: Այլ կերպ ասած՝ մագիստրոսական այս ծրագրերով կադրեր են պատրաստվում կոնկրետ գործատուների համար:

«Կարծում եմ, մեր համալսարանի այս նախաձեռնությունը կարելի բավականին լավ գնահատել: Այսօր շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում նման ձևով աջակցելը, նման հնարավորություն տալը շատ կարևոր է»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ֆինանսական ֆակուլտետի դեկանի ժ/պ Զաքար Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ մեր համալսարանի շրջանավարտների նկատմամբ հետաքրքրություն կա տարբեր կառույցների կողմից:

Հ.Գ. Լուսանկարը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին