«Հավերժ Չարենց՝ հայկական արևի, հույզի, ծիծաղի, վշտի և…լռության». ՀՊՏՀ –ում նշվեց Չարենցի տարեդարձը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1801

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում այսօր նշվեց մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի (Եղիշե Աբրահամի Սողոմոնյան, ծնվ. է 1897թ. մարտի 13-ին, Կարսում ) 117 ամյակը: Մեծ պոետին նվիրված  ցերեկույթը կազմակերպվել էր հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ` ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարի Զաքարյանի գլխավորությամբ: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Ցերեկույթի խորագիրն էր՝ «Հավերժ Չարենց՝  հայկական արևի, հույզի, ծիծաղի, վշտի և…լռության»: Միջոցառումն ազդարարեց ամբիոնի վարիչ Մարի Զաքարյանը, ով ամփոփ ներկայացրեց Չարենցի կյանքը, գործունեությունը, բանաստեղծական անցած ուղին՝ բնորոշելով նրան իբրև հայ նորագույն գրականության հիմնադիր: Պրոֆեսորը հանգամանորեն խոսեց բանաստեղծի ստեղծագործական շրջափուլերի մասին՝ առաջինը՝ տերյանական, երկրորդը՝ հեղափոխությանը նվիրված բանաստեղծություններ, երրորդը՝ 20-ական թվականների հայ նորագույն գրականության զարգացման մայրուղու որոնումների շրջան, չորրորդը՝ արդյունքը այդ որոնումների՝ «Էպիքական լուսաբաց» շարքը և վերջինը՝ ծանր, տագնապալից խոհերի ու հիասթափությունների շրջան՝ «Գիրք ճանապարհի» ժողովածու:  Մարի Զաքարյանն իր ելույթը եզրափակեց «Անկումների սարսափից» ստեղծագործությունից մի քառատող ընթերցելով.

.

Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

Ինչպես նշեց Մարի Զաքարյանը՝ Չարենցի մասին կարելի է խոսել անվերջ, մի ամբողջ կյանք:

Ամբիոնի վարիչի ելույթից հետո ՀՊՏՀ շնորհաշատ ուսանողներն ասմունքեցին Չարենցի բանաստեղծությունները, հանդես եկան հայկական ժողովրդական երգով, պարով: Այնքա՜ն նվիրում կար ուսանողների ասմունքի մեջ, կարծես, նրանք ոչ թե տնտեսագետներ, այլ բանասերներ էին: Այնքա՜ն կյանք կար նրանց աչքերում «Տաղարան» շարքից բանաստեղծություններ արտասանելիս, որ, կարծես, զգում էին Չարենցի  ցավը, վիշտը: Ուսանողների ելույթներն ավարտվեցին  «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը, ինչպես բնութագրել է Վիլյամ Սարոյանը, «Հայր մեր»-ին նմանվող աղոթք է:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ Մարի Զաքարյանին, բուհի շնորհաշատ ուսանողներին՝ հրաշալի միջոցառման, դահլիճը Չարենցով լցնելու համար:

«Չարենցը հայ գրականության երկնակամարում փայլող ամենապայծառ աստղերից մեկն է, նա ազգի մեծություններից է, ինչպես Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը և ուրիշներ:  Մեծությունները տարբերվում են նրանով, որ ապրում են մեզ հետ հավերժ: Չարենցի անժամանակ մահը չդարմանվող վերք է մեր ազգի համար, նա դեռ շատ բան ուներ տալու բազմադարյա քերթության մեր ճոխ անդաստանին»,-բանաստեղծի գործունեությունը գնահատեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարի Զաքարյանը նշեց, որ միջոցառման կազմակերպումը նախևառաջ  նպատակ ուներ աշխուժացնելու բուհի հոգևոր-մշակութային կյանքը, ուսանողներին կոչ անելու՝ գնահատել մեր բարձր արժեքները: «Ցերեկույթը մի փորձ էր՝ ուսանողներին բարձր արժեքներին ծանոթացնելու, նրանց արժեքային համակարգը զարգացնելու, Չարենցի գործունեությունը մեկ անգամ ևս գնահատելու, արժևորելու»,-ընդգծեց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ այս միջոցառումներն անցկացվելու են «Ճանաչենք հայ մշակույթի մեծերին» կարգախոսով և կրելու են պարբերական բնույթ:

Իրավամբ, Չարենցը կյանքի բանաստեղծ է՝ հայրենասեր, մարդասեր…երկար կարելի է թվել:

Ցերեկույթի ընթացքում դահլիճը թնդում էր ծափահարություններից, մասնակիցները տպավորված էին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին