«Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությունը» թեմայով կլոր սեղան և գիտաժողովի արդյունքների ամփոփում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 878

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությունը»  թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին  ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, դեկաններ, դասախոսներ, ասպիրանտներ, ՀՊՏՀ այլ աշխատակիցներ:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց թեմայի կարևորությունը և խոսքը փոխանցեց Գագիկ Վարդանյանին: Վերջինս  ներկայացրեց կլոր սեղանի թեման և նշեց, որ վերջերս դրան հատկապես շատ անդրադարձներ են եղել մամուլում, սակայն Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հետ կապված շատ հարցեր դեռևս չեն ստացել իրենց պատասխանները:

Պրոռեկտորը խոսեց այն հիմնական խնդիրների մասին, որոնք պետք է դիտարկել Մաքսային Միությանն անդամագրվելու  գործընթացում և ներկաներին առաջադրեց հարցադրումներ, որոնց շուրջ պետք է ծավալել քննարկումը: Դահլիճում ծավալվեց ակտիվ քննարկում, մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները:

Կորյուն Աթոյանը շեշտեց, որ այս կլոր սեղանի կազմակերպման հիմնական նպատակներից մեկն այն է, որ մեր բուհում թեմայի հետ կապված արվեն գիտական ուսումնասիրություններ և հետազոտություններ: Նա նշեց, որ հարցը պետք է ուսումնասիրել համակողմանիորեն: «Այս քննարկումը պետք է լինի սկիզբը, և մեր բուհը՝ որպես տնտեսագիտական մայր բուհ, պետք է հարցի շուրջ քննարկումներ անցկացնի, լինի ամենատեղեկացվածը և կարողանա լուրջ վերլուծություններ իրականացնել»,- նշեց համալսարանի ղեկավարը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը հավելեց, որ ցանկացողները կարող են 10 օրվա մեջ հայտ ներկայացնել` «Ամբերդ»-ի  հետազոտական   աշխատանքների շրջանակներում կատարելու գիտական ուսումնասիրություն «Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությունը» թեմայով:

Կլոր սեղանի ավարտից հետո ամփոփվեցին «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի արդյունքները:  Բաժանմունքների համակարգողներն ամփոփ ներկայացրեցին իրենց բաժանմունքների աշխատանքների ընդհանուր գնահատական-պատկերը:

Եզրափակելով` ռեկտորը կարևորեց գիտաժողովների նշանակությունը, նշեց, որ գիտական և կրթական շուկայում ներկայում կա բարձր մրցակցություն, հետևաբար մեր բուհը պետք է անի ամեն ինչ` շուկայում առաջատարներից մեկը  լինելու, որակյալ մասնագետներ թողարկելու առումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին