«Նոր շուկաներ դուրս գալու ռազմավարությունները». բաց դաս` ռուսաստանցի հայ գիտնականի մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 943

ՀՊՏՀ նիստերի սրահում բաց դասի շրջանակում այսօր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հրավերով «Նոր շուկաներ դուրս գալու ռազմավարությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ տնտեսագիտության թեկնածու,  Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության և ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի բիզնեսի և կառավարչական ռազմավարությունների ամբիոնի դոցենտ էմիլ Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, դասախոսներ և ուսանողներ: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ռուսաստանաբնակ հայ գիտնականին, կարևորեց թեմայի արդիականությունն ու գոհունակություն հայտնեց, որ ուսանողները հետաքրքրված են և հետամուտ են ունկնդրել տնտեսագիտության նոր խոսք, նոր պարզաբանումներ ու մոտեցումներ:

Թեմայի շրջանակներում Էմիլ Մարտիրոսյանը նոր միջազգային շուկաներ նվաճելու ռազմավարությունները բնութագրելիս անդրադարձավ գլոբալացման գործընթացներում համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին,  միջազգային փորձին` հիմնական ասելիքը համեմելով հետաքրքական ու բնութագրական փաստերով,  օրինակներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին