ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «ՀԵՐԻՏԱԳ»-ի աշխատաժողովին

Դիտումների քանակ՝ 1864

ԵՄ «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում Բաթումիում (Վրաստան) սեպտեմբերի 26-29-ը տեղի է ունեցել բարձրագույն կրթության որակի ապահովմանն առնչվող աշխատաժողով և ծրագրի կոորդինացիոն հանդիպում, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Մարիա Պետրոսյանը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են բարձրագույն կրթության որակի ապահովմանն առնչվող հիմնական փաստաթղթերը, առկա խնդիրները և համալսարանների փորձը։ Այս մասին տեղեկացնում են  որակի ապահովման բաժնից:

Մեր համալսարանի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի ձևավորման հիմքերը, առկա իրավիճակը և զարգացման միտումները, ինչպես նաև ՀՊՏՀ որակի ապահովման ներքին համակարգը, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձը և ծրագրային հավատարմագրմանն առնչվող նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, ծրագրի շրջանակներում պլանավորվող հետագա աշխատանքները, սահմանվել են պատասխանատուներ և վերջնաժամկետներ։

Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների ներկայացուցիչները քննարկել են նաև «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի մեկնարկին և իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի նպատակն է իրականացնել բարեփոխումներ՝ ուղղված մշակութային ժառանգության փաստաթղթավորմանը, զբոսաշրջության կառավարման և ձեռներեցության համար  կիրառելի Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմանը՝ կրթությանը շարունակապես ինտեգրելու նպատակով: Ծրագիրը նպաստում է շահակիցների երեք հիմնական խմբերի՝ համալսարանների, ոլորտի ձեռնարկությունների և հանրային կառավարման մարմինների միջև սիներգիայի ձևավորմանը: Ծրագրային բարեփոխումները ենթադրում են Վրաստանի և Հայաստանի գործընկեր համալսարանների համար կարողությունների զարգացում:

Լուսանկարները տրամադրել են ՀՊՏՀ մասնակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին