ՀՊՏՀ խորհրդի նախագահը և ռեկտորը հյուրընկալվել են «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին

Դիտումների քանակ՝ 2663

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը օգոստոսի 18-ին հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանում անցկացվող  «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին, որը  մեկնարկել է օգոստոսի 13-ին:

Փառատոնի մասնակիցներին են այցելել նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը,  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը և Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը: Ճամբարականները պատվավոր հյուրերին դիմավորել են հայկական տոնական շուրջպարով՝ ներկայանալով գեղեցիկ ավանդույթի վերածված և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրեթե բոլոր միջոցառումներից անպակաս դարձած «Բերդ»-ով: Հյուրերն ընթրել են ուսանողների հետ, երեկոն անցկացրել տոնական խարույկի շուրջը, իսկ ուսանողներն առիթ են ունեցել հարցեր հղելու Վաչե Գաբրիելյանին:

ՀՊՏՀ գործունեության մեջ առանձնահատուկ ուշադրություն է  դարձվում աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպման հարցին: Սա մեր համալսարանի սոցիալական քաղաքականության շրջանակներում է: Յուրաքանչյուր տարի՝ ամռանն ընդառաջ, մասնակի վերանորոգումներ են կատարվում մարզաառողջարանում, որպեսզի ՀՊՏՀ-ականների և նրանց ընտանիքների հանգիստը կազմակերպվի ավելի հարմարավետ միջավայրում: Թեպետ մարզաառողջարանի ուղեգրերը մատչելի են և խորհրդանշական գին ունեն, այդուհանդերձ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով և բուհի կառավարման մարմինների որոշումներով յուրաքանչյուր տարի անվճար ուղեգրեր են հատկացվում շուրջ հարյուր ուսանողների:

Արդեն մի քանի տարի Դիլիջան են հրավիրվում Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերի 25 ներկայացուցիչներ: Այս տարի ներդրվեց ևս մեկ ծրագիր՝ ևս 20 անվճար ուղեգիր  հատկացվեց  ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի աշխատակիցներին:

«Ինչպես բժշկական ապահովագրությունը, այնպես էլ աշխատակիցների և ուսանողների հանգստի արդյունավետ կազմակերպումը մեր ուշադրության կենտրոնում է: Խնդիրները բազմաթիվ են, բայց մենք փորձում ենք յուրաքանչյուր տարի բարելավել նաև մարզաառողջարանի պայմանները, նոր հնարավորություններ ստեղծել մեր աշխատակիցների և ուսանողների համար: Ուրախալի է նաև, որ մեր մարզաառողջարանի ավանդույթները ոչ միայն չեն վերանում, այլև նորովի են ամրապնդվում, ինչին մասնակից ենք լինում նաև մենք:

Համալսարանի խորհրդի նախագահի այցը մարզաառողջարան ևս այդ գեղեցիկ ավանդույթներից է, և ինձ համար հաճելի է, որ նման առիթները շարունակական են»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից անցկացվող փառատոնի մարզական և մշակութային մրցույթների արդյունքներով այս տարի հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին