ՀՀ Անկախության տոնը՝ որպես միջմշակութային հաղորդակցման հնարավորություն

22.09.2021
Դիտումների քանակ՝ 1486

ՀՊՏՀ-ի և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև կրթական համագործակցությունը հարստանում է նաև մշակութային միջոցառումներով, որոնց շնորհիվ, հուսով ենք, մասնակիցների հիշողություններում Հայաստանը և մասնավորապես մեր համալսարանը կմնան որպես հյուրընկալության, ջերմության, համամարդկային արժեքների և գիտելիքի ու առաջընթացի խորհրդանիշ:

Այսպես. մեր հյուրերը սեպտեմբերի 21-ին անմասն չմնացին Անկախության 30-րդ տարեդարձի տոնական միջոցառումներից: Այդ օրը հյուրընկալության վայրը հիմնականում ՀՊՏՀ գեղատեսիլ բակն էր. նախ՝ միջազգային սեմինարների արտասահմանցի մասնակիցներին գլխավոր մասնաշենքի ճեմասրահում՝ ՀՊՏՀ թանգարանի հարևանությամբ, ներկայացվեց հայ ժողովրդի անկախության կերտման պատմությունը, ճանաչողական խաղերի ընթացքում մասնակիցները ստուգեցին Հայաստանի վերաբերյալ իրենց գիտելիքները։ Այնուհետև բակում, ի նշան Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև՝ ՀՊՏՀ-ի և «Կոպեռնիկուս Բեռլին»-ի միջև արդյունավետ ու սերտ համագործակցության, տնկվեց խորհրդանշական ծառ, և օրն ամփոփվեց հայկական ազգային պարերով։ Մասնակիցները սովորեցին «Կարնո Քոչարի» և «Թամզարա» պարերը, ծանոթացան դրանց ստեղծման պատմությանը։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ-ի և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում Հայաստանում են «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը, ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդրս Փոստսը և միջազգային սեմինարների շուրջ երեք տասնյակ օտարերկրացի մասնակիցներ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին