Ամփոփվել են HEIFYE ծրագրի արդյունքները. ՀՊՏՀ գիտնականները՝ Մոլդովայում կայացած եզրափակիչ հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 1677

«Բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) ծրագիրն ավարտվել է. մարտի 23-29-ը Մոլդովայում, անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է ամփոփիչ հանդիպումը, որին ներկա են եղել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ Թաթուլ Մկրտչյանը: Այցի արդյունքները մեզ հետ զրույցում ներկայացրել է Դիանա Գալոյանը: Եզրափակիչ հանդիպմանը բոլոր գործընկեր բուհերը զեկուցումներով ամփոփել են ծրագրին իրենց մասնակցությունը, ապա վերլուծել ընդհանուր արդյունքը:

Դիանա Գալոյանը զրույցում շեշտադրեց, որ ՀՊՏՀ-ն ակտիվորեն ներգրավված է եղել ծրագրի աշխատանքներին, ընդհանուր 2 կոնֆերանս է եղել, 20-ից ավելի գիտական զեկուցումներ են հնչել, անցկացվել է 2 միջազգային ստարտափ գաղափարների մրցույթ, շուտով լույս է տեսնելու «Արևելյան Եվրոպայի երկրների բիզնեսի վարման առանձնահատկությունները» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև բոլոր երկրները հարցումներ են անցկացրել իրենց երիտասարդության շրջանում՝ ձեռնարկատիրության խոչընդոտների վերաբերյալ, որի արդյունքները ևս լույս կտեսնեն մատենաշարի տեսքով:

«Իմ ընդհանուր գնահատմամբ, այս նախաձեռնությունը շատ կարևոր էր Հայաստանում ուսանողների շրջանում ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման, ոլորտի հիմնախնդիրների վերհանման, լուծումների որոնման տեսանկյունից: Ի դեպ, ՀՊՏՀ-ն արդեն դիմել է ՀԳ 2 ծրագրի շարունակականության համար»,-ասաց Դիանա Գալոյանը:

Հիշեցնենք՝ HEIFYE -ի հիմքում  ընկած  էր Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը: Այն մեկնարկել է 2017թ. դեկտեմբերին, ծրագրի ՀՊՏՀ համակարգումն իրականացնում էր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին