Երևանում կայանալիք EMERGE տեխնոլոգիական գիտաժողովին անվճար մասնակցելու աննախադեպ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար
Հարգելի´ ՀՊՏՀ-ականներ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք hունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովին ելույթ են ունենալու Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։
Տնտեսագիտական համալսարանի և EMERGE գիտաժողովի կազմակերպիչների համագործակցության շնորհիվ ՀՊՏՀ մինչև 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու միջոցառմանը: Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- ձևավորել 3 հոգանոց ուսանողական թիմ
- մշակել ստարտափ գաղափարներ
- մինչև ս.թ. մայիսի 21-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով` նշելով թիմի անդամների անուն-ազգանունները և ստարտափ գաղափարի համառոտ նկարագիրը
- մինչև ս.թ. մայիսի 24-ը externalaffairs@asue.am էլհասցեին ուղարկել ստարտափ գաղափարների վերաբերյալ շնորհանդես՝ պարտադիր ներառելով հետևյալ հարցադրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝
- Խնդիրը, որը լուծելու է ստարտափը
- Ինչպե՞ս է ստարտափը լուծում այդ խնդիրը
- Թիրախային հաճախորդներ և շուկայի ծավալ
- Մրցակիցների վերլուծություն և ստարտափի մրցակցային առավելություն
- Բյուջե
- Թիմի անդամների կարողությունները
Մրցութային հանձնաժողովը կընտրի հաղթող թիմերին, որոնց անդամները հնարավորություն կստանան մասնակցելու գիտաժողովին: