Նշվել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 11-ամյակը
Դեկտեմբերի 22-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում նշվել է կրթօջախի հիմնադրման 11-րդ տարին: 2007 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված մասնաճյուղը հերթական տարեդարձին ամփոփել է ձեռքբերումներն ու նախանշել անելիքները: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել մասնաճյուղի զարգացման ու կայացման գործում զգալի ավանդ ունեցող անձինք՝ հիմնադիր-տնօրեն Էդգար Ղազարյանը, նախկին տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսներ, շրջանավարտներ: Ողջույնի խոսք է ասել տնօրենի ժ/պ, տ.գ.թ. Արփինե Հովակիմյանը, բարեմաղթանքներ են հղել նախկին տնօրենները:
Մեզ հետ զրույցում Սոս Խաչիկյանն ասաց, որ հնչել են նաև գիտական զեկուցումներ, որոնց առանցքում կրթական մարտահրավերները, համայնքային զարգացման հարցերն են եղել: Զեկուցումներ են ներկայացրել Սոս Խաչիկյանը, Էդգար Ղազարյանը, Արփինե Հովակիմյանը, դասախոս Նարեկ Սարատիկյանը, ՈւԽ նախագահ Մարիամ Մանուկյանը:
Շնորհավորում ենք մասնաճյուղի 11-րդ տարեդարձը և մաղթում, որ այն լինի Տնտեսագիտական մայր բուհի լավագույն ավանդույթների կրողը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին