«Էրազմուս+». ՀՊՏՀ դասախոսի այցը Յուրայ Դոբրիլայի համալսարան
Ապրիլի 25-30-ը ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարիա Սահակյանը «Էրազմուս+»-ի դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում այցելել է Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարան:
ՀՊՏՀ դասախոսը հանդիպել է նշված համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Իվոնա Պետերնելի, «Էրազմուս+» ծրագրի համակարգող Անդրեա Բուլեշիչի, կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Թեա Անիշիչի հետ: Վերջինս, ի դեպ, ուսանողական տարիներին նույն ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան և սովորել ՀՊՏՀ-ում։ Մարիա Սահակյանն այցելության ընթացքում փորձել է համալսարանների միջև համագործակցության նոր եզրեր գտնել, մասնավորապես համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ այցելությունների և գիտական հետազոտությունների կատարման վերաբերյալ։
Մեր գործընկերը տնտեսագիտության և զբոսաշրջության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսել է «Զբոսաշրջային կլաստերների ձևավորումը և զարգացումը», «Անձնակազմի ուսուցումը և զարգացումը», «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի կառավարում» թեմաներով, միաժամանակ տեսանյութերի միջոցով ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, պատմել ՀՊՏՀ նվաճումների, պատմության և զարգացման ծրագրերի մասին, անդրադարձել էքստրեմալ զբոսաշրջության ներուժին, որն առավել գրավիչ է եվրոպացի զբոսաշրջիկների համար։
Ինչպես նշում է Մարիա Սահակյանը, ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի բազմադարյա պատմամշակութային արժեքների, հայկական այբուբենի և եկեղեցիների նկատմամբ. «Վստահ կարելի է պնդել, որ նմանօրինակ ծրագրերը միտված են ինչպես մասնակից երկրների համալսարանների միջև գիտահետազոտական աշխատանքների ակտիվացմանը, այնպես էլ մշակութային հաղորդակցման հնարավորությունների զարգացմանը»: