Ճանապարհորդություն մարքեթինգի ստեղծագործական աշխարհում. տեղի ունեցավ ՈւԳԸ հերթական դասախոսությունը

Դիտումների քանակ՝ 2232

«Եկեք մի պահ կտրվենք բարդ մաթեմատիկական հաշվարկներից ու տնտեսագիտական խնդիրներից և ճանապարհորդենք մարքեթինգի ստեղծագործական աշխարհում»,-այսօր ՈւԳԸ-ականներին կոչ արեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, արդեն ՀՊՏՀ աշխատակից Անի Ղազարյանը: ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության «Ապագա դասախոս» նախաձեռնության շրջանակում հերթական դասախոսությունը, որը նա վարեց, կրում էր «Մարքեթինգը ՀԿ ոլորտում» խորագիրը:

ՈւԳԸ-ականներին ողջունեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ապա ներկայացրեց Անիին՝ իբրև առաջավոր ուսանող, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող անձ, «Համախմբված երիտասարդական միություն» ՀԿ հիմնադիր և նախագահ: Դիանա Գալոյանն ասաց նաև, որ Անին այսօրվանից աշխատելու է համալսարանի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնում և վստահություն հայտնեց, որ նա իր մասնագիտական ու անձնային բարձր որակները կծառայեցնի հարազատ համալսարանին:

Սկսելով դասախոսությունը՝ Անին մարքեթինգի և մարքեթինգային գործունեության մասին համառոտ ակնարկ կատարեց, այնուհետև, լուսաբանեց հասարակական կազմակերպությունների մարքեթինգի առանձնահատկությունները՝ սպառողների կարիքների գնահատումից մինչև կարիքների բավարարում: Մարքեթինգային գործընթացը, որը հաճախ չի ենթարկվում «օրենքների» և պահանջում է ստեղծագործական, նորարարական ու այլընտրանքային մոտեցումներ, Անին ներկայացրեց հանրամատչելի ու համակողմանի: Ըստ բանախոսի՝ ՀԿ-ների դեպքում խոսքը այսպես կոչված բերնեբերան մարքեթինգի մասին է, խոսվեց նաև պարտիզանական մարքեթինգի նրբություններից. սա էլ փոքր բյուջեով կամ առանց բյուջեի մարքեթինգն է, որը կրկնակի ջանքեր է պահանջում:

Ուսանողներին տեղեկություններ հաղորդվեց նաև «Համախմբված երիտասարդական միության» մասին, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ՈւԳԸ-ականները կարող են փորձառել ՀԿ-ում:

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով և գոհունակ ժպիտներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին