ՀՊՏՀ-DAAD ամրացող համագործակցություն. հանդիպում ռեկտորի պաշտոնակատարի հետ և տեղեկատվական հանդիպում

Դիտումների քանակ՝ 2085

Երևանում գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի հետ ՀՊՏՀ համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի: Կենտրոնի ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ էին մեր բուհում, և այցի հիմնական նպատակը ուսանողների համար ամենամյա տեղեկատվական հանդիպում անցկացնելն էր: Կենտրոնի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանը և Հայաստանում DAAD դասախոս Աննեգրեթ Բայերը ուսանողության հետ հանդիպումից առաջ հյուրընկալվեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի աշխատասենյակում: Բուհի ղեկավարը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը գործընկերների հետ քննարկեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Այնուհետև միջազգային ծրագրերի կենտրոնում, որտեղ խմբվել էին գերմանական բուհերում կրթություն ստանալու նպատակ ունեցող ՀՊՏՀ-ականներ, Մերի Նավասարդյանը համապարփակ զեկուցում ներկայացրեց DAAD կրթաթոշակների վերաբերյալ՝ անդրադառնալով բակալավրական, մագիստրոսական, ասպիրանտական, գիտահետազոտական ծրագրերին, ինչպես նաև ամառային դպրոցներին:

Հանդիպման երկրորդ հատվածը վարեց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտացման շրջանավարտ, DAAD-ի կրթաթոշակակիր (2018-2020 թթ.) Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա այժմ սովորում է Մյունխենի տեխնիկական համալսարանի կառավարում և տեխնոլոգիա մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում և արձակուրդի ընթացքում եկել է մայր համալսարան՝ իր փորձով ու հաջողության պատմությամբ ոգեշնչելու ՀՊՏՀ-ականներին: Տաթևիկը ընկերաբար ու անկեղծորեն ուսանողներին պատմեց Գերմանիայում սովորելու, աշխատելու առավելությունների, ինչու չէ նաև դժվարությունների մասին, ապա գործնական խորհուրդներ տվեց ծրագրին դիմելու և հաջողելու մասին: Մեր օրինակելի շրջանավարտը նաև պատասխանեց լսարանի հարցերին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տաթևիկ Հովհաննիսյանն ասաց, որ Գերմանիայում ուսանելուն զուգահեռ աշխատում է որպես հետազոտությունների օգնական:

«Գերմանիայում բարձր է ոչ միայն կրթության որակը, այլև կյանքի որակը: Ուստի կոչ եմ անում մեր ուսանողներին ակտիվություն ցուցաբերել, դիմել այս կրթական ծրագրին, հարստացնել իրենց մասնագիտական հմտությունները և վստահ եմ, որ արտերկրում ստացած կրթությունն օգնելու է, որպեսզի հետագայում նրանք նաև Հայաստանում մրցունակ լինեն: ՀՊՏՀ-ում ստացած միջազգայնագետ-տնտեսագետի կրթությունս, ինչպես նաև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Լիտվայում մեկ կիսամյակ ուսումնառությունս ինձ համար հիմք են ծառայել, որպեսզի ավելի ճկուն լինեմ արտերկրում, հեշտորեն ներգրավվեմ օտար մշակութային միջավայրում»,-ասաց Տաթևիկը:

Հանդիպման ավարտին ուսանողներին տրամադրվեցին ծրագրի վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին