ՀՊՏՀ ղեկավար կազմն այցելել է Գյումրու մասնաճյուղ և համագործակցության հուշագիր ստորագրել Շիրակի մարզպետարանում

Դիտումների քանակ՝ 1539

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին այցելել են Շիրակի մարզ: Նրանք նախ այցելել են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, որտեղ նրանց դիմավորել է մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանը, հանդիպել աշխատակազմի և ուսանողների հետ:

Ռուբեն Հայրապետյանը կարևորել է հանդիպումը՝ նշելով, որ ինքն ավանդաբար հաճախակի հանդիպումներ է ունենում մայր բուհի ուսանողների հետ, տեղեկանում նրանց ցանկություններին և մտահոգություններին, իսկ մասնաճյուղ այցելությունը լավ առիթ է՝ տեղեկանալու այնտեղ առկա մոտեցումներին և խնդիրներին:

«21-րդ դարում գիտելիքին այլընտրանք չկա: Եթե դուք հիմա չստանաք կարողություններ, հմտություններ և համապատասխան գիտելիք, ապա հետագայում դուք աշխատաշուկայում լինելու եք ոչ մրցունակ»,- դիմելով կրթության հիմնական շահառուներին՝ նշել է ՀՊՏՀ ղեկավարը՝ հորդորելով լինել կրթական բարեփոխումների ակտիվ մասնակից և նախաձեռնող: Ռեկտորը լսել է ներկաների հարցերը, ներկայացրել Տնտեսագիտական մայր բուհում իրականացվող աշխատանքները:

Այնուհետև ՀՊՏՀ ղեկավար կազմն այցելել է Շիրակի մարզպետարան, որտեղ Ռուբեն Հայրապետյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր:

Այն ստորագրվել է հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերի մշակման, հանրայնացման աշխատանքների մասնագիտական աջակցության ապահովման, մարզի խնդիրներին և ներուժին առնչվող օպերատիվ, օբյեկտիվ ու փաստարկված վերլուծական նյութերի և մասնագիտական գնահատականների տիրապետման, ինչպես նաև մարզպետարանի հանրային քաղաքականության որոշումների բնագավառում մասնագիտական հանրույթին ինստիտուցիոնալ ներգրավման անհրաժեշտությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին