ՀՊՏՀ հերոս ուսանող Կարեն Մարգարյանն անմահացավ. հավերժ փառք

29.09.2020
Դիտումների քանակ՝ 1643

Խորը ցավով ենք հայտնում, որ հակառակորդի դեմ մղվող մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիներից է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Կարեն Մարգարյանը: Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր:

Մեր Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:

Մեզ հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն ասաց, որ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ... անվերջ կարելի է բնութագրել նրան:

«Շատ պարտաճանաչ էր, ամեն օր առավոտ 8.30-ին նա արդեն բուհում էր լինում, լսարանում միշտ 1-ին սեղանին էր նստում՝ դասախոսին մոտ, ու ձգտում էր բոլոր հարցերին պատասխանել: Բանակ զորակոչվելուց առաջ նա ջանաց բոլոր քննությունները հանձնել, բարձր գնահատականներ ստանալ: Որոշել էր ծառայությունից վերադառնալ ու լավ սովորելով՝ անցնել անվճար համակարգ. և կասկած չունեմ, որ անցնելու էր...»,-դեկանը երկար խոսել չի կարողանում:

2018 թ. սեպտեմբերին asue.am-ը ճեպազրույցներ էր անցկացնում ՀՊՏՀ 1-ին կուրսեցիներին հետ, այդ ուսանողների շարքում էր նաև Կարենը, մեր խելացի ու ուսումնատենչ Կարենը:

«ՀՊՏՀ-ի մասին տեղեկություններ եմ որոնել բուհի պաշտոնական կայքում, իսկ այժմ, երբ արդեն ուսանողի կարգավիճակում եմ, համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ամեն կերպ փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ: Տեղյակ եմ նաև, որ սահմանամերձ բնակավայրերից եկած ուսանողներին մի շարք առավելություններ են տրվում լավ սովորելու դեպքում, ուստի սովորելու մոտիվացիաս էլ ավելի մեծ է»,-մեզ հետ զրույցում ասում էր Կարենը (առաջին կուրսեցիների հետ մեր զրույցներն արտացոլող հրապարակումը, որում առկա է նաև Կարենի խոսքը, կարող եք տեսնել այստեղ

Ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում ստեղծվել է Կարեն Մարգարյանի հիշատակի անկյուն: Այսօր մեր Կարենը բոլորիս հետ է, բոլորիս սրտում, հիշատակդ վառ, սիրելի՛ Կարեն:

ՀՊՏՀ անձնակազմի, ուսանողության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում Կարեն Մարգարյանի ընտանիքին ու հարազատներին: Խոնարհում և փառք....

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին