ՀՊՏՀ դասախոսները դասախոսություններ են վարել Արցախի պետական համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) միջև հաստատված համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ 3 ներկայացուցիչներ 2018 թվականի մայիսի 14-18-ը դասախոսություններ են վարել ԱՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Աննա Փախլյանը ԱՊՀ «Ֆինանսներ», «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների ուսանողների համար դասախոսություններ է վարել միջազգային տնտեսական հարաբերությունների, դրանց արժութաֆինանսական ասպեկտների, ինչպես նաև վճարային հաշվեկշռի և դրա կազմման առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկվել են նաև համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները և Արցախի Հանրապետության՝ արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման և խորացման հնարավորությունները:
ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ. Վահան Բաբայանն ուսանողներին ներկայացրել է ֆինանսական ենթակառուցվածքների գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել հանրային ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացներում արտաքին աուդիտի դերին և գործունեության առանձնահատկություններին և այլ կարևոր հիմնախնդիրների:
Ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լևոն Սահակյանը հանդես է եկել հաշվապահության գործավարության հիմունքների և ֆինանսական հաշվետվությունների կազմման առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություններով՝ ԱՊՀ ուսանողներին փոխանցելով հաշվապահության վարման գործնական հմտություններ:
Արցախի պետական համալսարան այցելության շրջանակներում Աննա Փախլյանը և Վահան Բաբայանը ներկա են գտնվել նաև դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով ԱՊՀ նախաձեռնած միջոցառմանը, որի համար յուրահատուկ ձևաչափ էր ընտրվել: Համալսարանի գործունեության, ձեռքբերումների և Արցախի Հանրապետության տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունները ներկայացվում էին հենց ուսանողների կողմից՝ նախապես նշելով, թե վերջիններս որ ավագ դպրոցի շրջանավարտն են հանդիսանում, ինչը երկկողմանի ոգևորություն էր առաջանցնում ուսանողների և միջոցառմանը ներկա գտնվող ավագ դպրոցների սաների ու ներկայացուցիչների շրջանում:
Այս մասին հայտնում է Աննա Փախլյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ դասախոսներին պատշաճ մակարդակով ընդունել են ռեկտոր Մանուշ Մինասյանը և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին