«Ուսանողական գարուն – 2018» մարզամշակութային փառատոնը մեկնարկել է

Դիտումների քանակ՝ 999

Երեկ՝ մայիսի 21-ին, հրաձգության առաջնությամբ մեր համալսարանում ազդարարվեց «Ուսանողական գարուն–2018» մարզամշակութային փառատոնի մեկնարկը, որն ավանդաբար իր շուրջ է համախմբում բոլոր ֆակուլտետների շնորհալի մարզիկներին, երգիչ-երգչուհիներին, ուրախներին ու հնարամիտներին, ինչպես նաև մարզասեր ու մշակութասեր երկրպագուներին:

Մարզամշակութային փառատոնի սկիզբն ազդարարվեց հրաձգության մրցումով, որին մասնակցում էին յուրաքանչյուր ֆակուլտետից 3 մարզիկ՝ 1 աղջիկ և 2 տղա: Մրցապայքարի արդյունքում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման (89 միավոր), 2-րդ հորիզոնականը՝ կառավարման (111 միավոր), իսկ 1-ին հաղթական հորիզոնականը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտ (113 միավոր) ֆակուլտետների թիմերըը: Մրցավարներն էին ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը (հրաձգության սեկցիայի մարզիչ) և դասախոս Արման Գուլյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի հավաստմամբ՝ այս տարի նույնպես փառատոնը կընթանա հագեցած ու բազմաբովանդակ ծրագրով՝ մարզական առաջնություններով, մայիսի 30-ին կկայանա փառատոնը եզրափակող մշակութային գալահամերգը, իսկ այսօր կանցկացվեն թենիսի մրցումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին