Նոր նպատակների իրականացման սպասումով. դիպլոմներ են ստանում ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 2870

ՀՊՏՀ-ն ճանապարհում է 2018-2019 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի իր շրջանավարտներին: Երեկվանից սկսած՝ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը տրամադրում է այս կրթաձևի շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմները):

ՀՊՏՀ-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ դիպլոմ ստացած համալսարանականները ավարտական համազգեստով շրջում են կրթօջախի բակում, արձանագրում հիշարժան օրվա ակնթարթները: Հիմնարար մասնագիտական կրթությունը շրջանավարտներին խոստանում է նորանոր ձեռքբերումներ, ինչն էլ նոր ու մեծ նպատակների իրագործման սպասում է ձևավորում, մոտիվացնում, խանդավառում...

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, շրջանավարտների այս խմբի խնդրանքով, առիթ ունեցավ լուսանկարելու պետական և մունիցիպալ կառավարում, կառավարում մասնագիտությունների շրջանավարտներին և զրուցելու նրանց հետ: Շրջանավարտներից 2-ը՝ Մարինե Հարությունյանը և Լիլիթ Ադոնցը Կարմիր դիպլոմակիր են: Մարինեն մեզ հետ զրույցում ասաց, որ բակալավրիատն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հարազատ ֆակուլտետի դեկանատում, այսուհետ ՀՊՏՀ ուսումնաօժանդակ բաժնի աշխատակից է, ինչպես նաև՝ ուսումը շարունակում է գործարար կառավարման մագիստրատուրայում:

«Պատեհ առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեզ կրթած դասախոսներին, հատուկ շնորհակալություն ավարտական աշխատանքիս ղեկավար Գագիկ Ասլանյանին: Ուզում եմ ասել նաև, որ հեռակա կրթաձևում էլ կարելի է գերազանց սովորել. ճիշտ է՝ այս դեպքում ուսանողի համար առավել բարդ է, բայց մեծ ցանկության դեպքում ստացվում է: Ես կուրսի ավագն եմ եղել և ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր կուրսում գրեթե բոլորն աշխատում են, մեծ մասը՝ մասնագիտությամբ՝ բանկերում, բիզնես կազմակերպություններում»,-ասաց Մարինեն:

Շրջանավարտ Վարդան Նասոյանն էլ մեզ հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց հեռակա կրթության առանձնահատկությունների շուրջ:

«Իհարկե, առկա կրթաձևում սովորելն ավելի նախընտրելի է, բայց աշխատանքին զուգահեռ ստիպված ես հեռակայում սովորել: Հետադարձ հայացք գցելով՝ կուզեի ասել, որ մեզանում կրթության որակի բարելավման խնդիր կա: Շատ կցանկանայի, որ դասերը լինեն գործնական, կիրառվի արևմտյան լավագույն փորձը: Այնուամենայնիվ, ինչպես ասում են, սովորողն ամեն տեղ էլ սովորում է, և իսկապես, այս տարիներին մենք փորձել ենք հիմնարար գիտելիքներ կուտակել: Ի դեպ, արդեն գործարար կառավարում մագիստրատուրայի ուսանող եմ: Մի քանի տարի է՝ ներմուծող կազմակերպությունում աշխատում եմ որպես գլխավոր մենեջեր և, անշուշտ, կրթությունս ծառայում է նպատակին»,-ասաց Վարդանը:

Սիրելի´ շրջանավարտներ, կրկին շնորհավորում ենք, բարի՛ երթ դեպի կյանքի նոր շրջափուլ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին