«Էրազմուս+»-ի դիմորդները անգլերենի ստուգատես են անցնում. քննությունները մեկնարկեցին
ՀՊՏՀ-ում ԵՄ «Էրազմուս+» ծրագրի համակարգող արտաքին կապերի դեպարտամենտը ամեն կիսամյակ ծրագրի դիմորդների համար կազմակերպում է անգլերենի անվճար քննություններ: Մասնակցում են այն ուսանողները, որոնք չունեն օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ: Այսօր առաջին ստուգատեսն էր, որին մասնակցում էին նախապես գրանցվածները (20 հայտատուից ներկայացավ 17-ը):
ՀՊՏՀ-ականներին ողջունեցին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ծանոթացրին քննության անցկացման կարգին: Այնուհետև մեկնարկեց ստուգատեսի առաջին մասը` listening-ը (լսել-հասկանալու հմտության ստուգում): Listening, writing, reading (լսել, գրել, կարդալ). անգլերենի իմացությունը գնահատվում է այս երեք բաղադրիչներով:
Արտաքին կապերի դեպարտամենտը առաջիկայում կամփոփի քննության արդյունքները և անհատապես կտեղեկացնի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, այս շրջանում քննություն կհանձնի 97 գրանցված ուսանող:
Քննությունների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ:
Հիշեցնենք, որ «Էրազմուս+»-ը հաղթողներին կրթաթոշակ է տրամադրում՝ արտերկրի համալսարաններում 1 կիսամյակ սովորելու նպատակով: Ծրագրի մրցույթին կարող են մասնակցել բարձր առաջադիմություն և անգլերենի լավ իմացություն ունեցող ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին