ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ Որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումում
Ապրիլի 16-ին և 17-ին «Մատենադարան» Մ․Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կազմակերպած որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Լևոն Մկրտչյանը նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը ողջ աշխարհում արժեհամակարգային փոփոխությունների փուլում են գտնվում, և Հայաստանը պետք է դիտել որպես մեկ միասնական գիտակրթական տարածք, որտեղ յուրաքանչյուրը ստեղծելով արժեք՝ օգնում է նաև մյուս հաստատությանը՝ ցանցային համալսարանի ձևաչափով համագործակցելով նրանց հետ: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին՝ ընդգծելով, որ նախատեսվում են որակի ապահովման մեխանիզմներ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և բաժնի աշխատակիցներ Աննա Փախլյանը, Մարիա Պետրոսյանը, Անի Բաղդասարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ինչպես նաև ՀՊՏՀ որակի ապահովման փորձագիտական խմբի անդամները՝ կառավարման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մնացականյանը, ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության պետ Գայանե Մերդինյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գրիգորյանը։
«Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա ֆորումի նպատակն էր քննարկել մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից շնորհվող որակավորումների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում, խթանել երկխոսությունը ուսումնական հաստատությունների, գործատուների և պետական կառավարման մարմինների միջև։ «Կրթված մա՞րդ, թե՞ մասնագետ» թեմայով պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել է ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը։
Երկօրյա աշխատանքի ընթացքում ներկայացվել և քննարկվել են բուհերի թափանցիկությանը, կրթության կառավարման նոր մոտեցումների ներդրմանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ փուլի մեկնարկին և սպասվող փոփոխություններին, ծրագրային հավատարմագրման գործընթացին, ուսումնառության վերջնարդյունքների և գնահատման չափանիշների փոխկապակցման մեխանիզմներին առնչվող մի շարք հարցեր և այլն։
Երկրորդ օրվա ավարտին ներկայացվել է նաև ԵՄ Տեմպուսի ARARAT և ALIGN ծրագրերի շրջանակներում մշակված ու փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա գործարկման արդյունքները։ Մոդելի կիրառումը կնպաստի աշխատաշուկայի կարիքների բացահայտմանը և դրանց համապատասխան մասնագետների թողարկմանը:
Ֆորումին մասնակցել են ՀՀ միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ, ինչպես նաև կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին