ՀՊՏՀ-ի հյուրն է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի վարչական աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 1911

Հունաստանում մասնագիտական կրթությունը շարունակել ցանկացող ուսանողներն այսօր իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստացան ՀՊՏՀ-ում կայացած տեղեկատվական հանդիպման ընթացքում, որը վարեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում այսօր մեզ հյուրընկալված Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի վարչական աշխատակից Անգելիկի Պանագիոտիդուն: Նրան առավոտյան ընդունել են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի ներկայացուցիչները, ապա ուղեկցել միջազգային ծրագրերի կենտրոն՝ նախատեսված հանդիպումն անցկացնելու: Ուշագրավ շնորհանդեսով հունական բուհի պատվիրակը անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդեց Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի կրթական ծրագրերի, օտարերկրացի ուսանողների (այդ թվում՝ «Էրազմուս+»-ով ուսումնառողների) կրթության կազմակերպման առանձնահատկությունների մասին, պատասխանեց ուսանողների հարցերին: Բանախոսության երկրորդ հատվածում նա հանգամանալից անդրադարձավ իր համալսարանի կարիերայի և փորձառության կենտրոնի գործունեությանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքին, գործատուների հետ կապին: Թեմայի շուրջ հյուրին իրենց հարցերն ուղղեցին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը, միջազգային ծրագրերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատակիցները՝ քննարկման ներկայացնելով մի շարք հարցեր:

Հաջորդիվ միջազգային ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանի ուղեկցությամբ Անգելիկի Պանագիոտիդուն շրջել է ՀՊՏՀ մասնաշենքերով, ծանոթացել ֆակուլտետներին, որոշ ստորաբաժանումների աշխատանքին, հետևել համակարգչային քննությունների անցկացմանը:

Հավելենք, որ Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի հետ ՀՊՏՀ-ն զարգացնում է շարունակական համագործակցություն. առաջիկայում (հունիսի վերջին) մեր համալսարանի ներկայացուցիչները կուղևորվեն Հունաստան՝ մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին