ՀՊՏՀ աշխատակիցները հյուրընկալվել և համագործակցության հնարավորություններ են քննարկել Պորտուգալիայի 2 համալսարաններում

Դիտումների քանակ՝ 2195

Սույն թվականի հուլիսին ՀՊՏՀ աշխատակիցներից ձևավորված պատվիրակությունը հյուրընկալվել է Պորտուգալիայի 2 համալսարաններում: Առաջին այցը կազմակերպվել է հուլիսի 24-ին Մինյոյի համալսարան (Պորտուգալիա), որին մասնակցել են ՀՊՏՀ տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, ինչպես նաև միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանը: Հանդիպումը կազմակերպել էր Հովհաննես Գաբրիելյանը, ով հյուրընկալվել էր Մինյոյի համալսարանում ֆուտբոլի համալսարանական Եվրոպայի առաջնության շրջանակներում՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Մինյոյի համալսարանի վարչատնտեսական հարցերով պրոռեկտոր Անտոնիո Պաիսանայի հետ, ով շրջայց է կազմակերպել ներկաների համար՝ ծանոթացնելով համալսարանի բոլոր ենթակառուցվածքներին:

Հաջորդիվ ՀՊՏՀ աշխատակիցները հանդիպել են միջազգայնացման հարցերով պրոռեկտոր Կարլա Մարտինսի հետ, ով ներկայացրել է Մինյոյի համալսարանի միջազգայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները և առաջնայնությունները: ՀՊՏՀ-ից մեկնած պատվիրակությունը ևս ներկայացրել է Տնտեսագիտական համալսարանի գործունեությունը միջազգայնացման ոլորտում, մասնավորապես՝ ՀՊՏՀ միջազգայնացման շարժընթացը՝ թվային արտահայտությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցություն սկսելու ուղղությամբ: Այնուհետև քննարկվել է Մինյոյի տնտեսագիտության և մենեջմենթի դպրոցի հետ համագործակցության հնարավորությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, ինչը կարող է հետագայում հիմք լինել համատեղ այլ ծրագրերի իրականացման համար:

Հուլիսի 26-ին ՀՊՏՀ աշխատակիցները հյուրընկալվել են Պորտոյի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ հանդիպել են պրոռեկտոր Էնրիկե Կուրադոյի, միջազգայնացման հարցերով պատասխանատու Կրիստինա Պինտո դո Սիլվայի, ինչպես նաև այլ աշխատակիցների հետ: 2 կողմերն էլ ներկայացրել են իրենց համալսարանը և համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպատամենտի միջազգային կապերի բաժնի մեր գործընկերները՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները լավ առիթ են ոչ միայն նոր գործընկերների ներգրավման, այլև միջազգային մակարդակում ՀՊՏՀ ճանաչելիության բարձրացման համար:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ աշխատակիցները Պորտուգալիա էին մեկնել՝ մասնակցելու Պորտոյի համալսարանում կազմակերպված միջազգային վերապատրաստման շաբաթին՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի անդրադարձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին