Վերապատրաստում և մշակութային հաղորդակցում. Պորտուգալիայում ՀՊՏՀ աշխատակիցների վերապատրաստումը` յուրատեսակ փորձառություն

Դիտումների քանակ՝ 2970

Հուլիսի 22-26-ը Պորտոյի համալսարանը (Պորտուգալիա) «Էրազմուս+» ծրագրի հովանու ներքո համախմբել էր ծրագրի գործընկեր մեկ տասնյակից ավելի համալսարանների վարչական աշխատակիցների: Պորտուգալական բուհի կազմակերպած միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակից էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Եթովպիայի, Նեպալի, Ուզբեկստանի և այլ երկրների համալսարանների ներկայացուցիչներ:

Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը Պորտոյի համալսարանում ներկայացրեցին տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Պետրոսյանը, միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Նանե Ավանեսյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի լաբորանտ Լիլիթ Ազարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը, նույն կենտրոնի կրտսեր հետազոտող Ռուզան Թադևոսյանը: ՀՊՏՀ-ն սույն միջոցառմանը ներկայացավ նաև մասնաճյուղի գործընկերների հետ. կազմում էին նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, գիտության, զարգացման և արտաքին կապերի բաժնի աշխատակից Արփինե Սարգսյանը:

Միջազգային վերապատրաստման շաբաթը ընդգրկուն ու հագեցած էր: Միջոցառումն սկսվեց Պորտոյի համալսարանի գործունեությանը ծանոթությամբ: Մասնակիցներին ողջունեցին համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակիցներ Անա Սոֆիա Ֆերրեիրան և Ռիտա Սանտոսը` կարևոր շեշտադրումներ կատարելով տարբեր երկրների համալսարանների գործակցության, այս համատեքստում միջազգային կապերի ընդլայնման և ամրապնդման վրա: Հաջորդիվ միջազգային գրասենյակի տնօրեն Բարբարա Կոստան մանրամասն անդրադարձավ Պորտոյի համալսարանի կրթական ծրագրերին ու գիտահետազոտական գործունեությանը` հատուկ կանգ առնելով օտարերկրացի ուսանողների, ասպիրանտների և գիտնականների հետ աշխատանքի վրա: Այնուհետ ամբիոնը տրամադրվեց մասնակիցներին` միմյանց հետ ծանոթանալու, իրենց համալսարանի մասին պատմելու համար: ՀՊՏՀ-ն սեղմ, բայց ամփոփ ներկայացրեց Լիլիթ Մկրտչյանը`  իր ելույթում արտացոլելով կրթական, գիտահետազոտական, միջազգայնացման ասպեկտները: Առաջին օրն ամփոփվեց Պորտոյում շրջայցով: Հյուրընկալ քաղաքի գունեղ մշակույթը ջերմորեն իր գիրկն առավ տարբեր ազգերի ներկայացուցիչներին` չեզոքացնելով օտարության մեջ գտնվելու զգացումն ու հաղորդելով Պորտոյի մասին ավելին իմանալու անհագ ցանկություն: Պատմագիտական հարուստ թանգարանները, արվեստի կենտրոններն ու յուրատեսակ ճարտարապետությամբ աչք շոյող եկեղեցիները խտացրին մասնակիցների մշակութային ճանաչողությունը:

Միջոցառման աշխատանքային հաջորդ օրերը ևս ընդգրկուն տեղեկատվական էին: Խնդրո առարկան էր բարձրագույն կրթությունը որակյալ դարձնելու եղանակների քննարկումը, որոնց թվում, անխոս, առանձանահատուկ տեղ էին զբաղեցնում համալսարանների միջազգայնացման գործընթացների ինտենսիվացումն ու փորձի փոխանակումն, և հենց սա էլ «Էրազմուս+» ծրագրի հիմքում է: Բանախոսների զեկուցումներում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ բարձրագույն կրթության ոլորտի աշխատակիցները շահագրգռորեն պետք է մեկտեղեն ջանքերը` որոնելու և գտնելու իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կատարելու մեթոդները:

Միջոցառման ավարտին մասնակիցների հետաքրքրությանն արժանացավ Պորտոյի համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակից (ծրագրավորող) Ջորջ Սանտոսի դասախոսությունը, որը վերաբերում էր բուհերի ստորաբաժանումների աշխատանքում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը, մասնավորապես թվայնացման միտումներին: ՏՏ ոլորտի վերաբերյալ մասնակիցներիս գիտելիքները համալրեց նաև այցելությունը դեպի հյուրընկալող համալսարանի UPTEC տեղեկատվական կենտրոն:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մեր գործընկերները մասնակցեցին մարդկային ռեսուրսների կառավարման թեմայով վերապատրաստման, այնուհետև 4 օր ծանոթացան Պորտոյի համալսարանի համապատասխան ստորաբաժանման աշխատանքներին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կարեն Պետրոսյանը, իրենք նախ ներկայացրել են մեր համալսարանը, ապա ծանոթացել Պորտոյի համալսարանում մարդկային ռեսուրսների կառավարմանը՝ վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի ընտրությանը, աշխատակազմի վերահսկողության ծրագրերին, բուհում մասնագետների ներգրավման ծրագրերին, պետական աջակցությանը, աշխատավարձի գնագոյացման սանդղակին և մեխանիզմներին և մի շարք այլ խնդիրների:

Անշուշտ, ինչպես արտերկրի յուրաքանչյուր համալսարան ՀՊՏՀ-ականների այցելությունը, այնպես էլ այս մեկը, օգտակար էր նաև նոր համագործակցություններ հիմնելու տեսանկյունից: ՀՊՏՀ աշխատակիցները գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկայում գործակցելու ուղղությամբ:

ՀՊՏՀ աշխատակիցները վերադարձել են` թե′ Պորտոյի, թե′ վերապատրաստման շաբաթի մասնակից բուհերի հետ կապը շարունակելու և խորացնելու պատրաստակամությամբ, ինչպես նաև` առավել մոտիվացված:

Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը, ծրագրի մասին ավելին հասանելի է հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին