ՀՊՏՀ ուսանողները նաև ստեղծագործում են. մրցանակներ ստացան լավագույն էսսեների հեղինակները

Դիտումների քանակ՝ 8749

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած». ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյին վերագրվող վեց բառանոց պատմվածքից ներշնչված՝ ՀՊՏՀ ուսանողները հեղինակ են դարձել նոր պատմվածքների, որոնց հիմքում կոշիկը վաճառելու միտքն է: Լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը կառավարման, ֆինանսական և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների 1-ին կուրսերում (ընդհանուր թվով՝ 5 կուրս) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի դասաժամերին հայտարարել է «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած» թեմայով էսսեների մրցույթ: Ընդ որում, ուսանողներն այն գրել են դասի ընթացքում, ընդամենը 30 րոպեում: 130 աշխատանքներից դասախոսն ընտրել է 22-ը, որոնք հրապարակվել են ՀՊՏՀ նորաբաց բլոգում: Այնուհետև, հաղթողներն ընտրվել են 2 սկզբունքով (50/50)՝ բլոգում ամենաշատ հայատառ ու գեղեցիկ մեկնաբանված և պրոֆեսիոնալ ժյուրիի հավանությանն արժանացած: Մրցույթի վերջնական փուլ անցած 22 ուսանողներին էլ այսօր դասախոս Լիլիթ Հակոբյանը հրավիրել էր լեզուների ամբիոն՝ մրցանակաբաշխությունն իրականացնելու: Ներկա էր ամբիոնի վարիչի ժ/պ Լուսինե Հարությունյանը:

Ողջունելով ՀՊՏՀ ստեղծագործող, հայերեն գեղեցիկ ու գրագետ գրավոր խոսքի տիրապետող ուսանողներին՝ դասախոսը նշեց, որ ընտրությունը բարդ է եղել, քանի որ, իրականում, մրցանակի էին արժանի բոլորը: Բայց, մրցույթը մրցույթ է, և հաղթանակը վճռվում է կանոններով:

Այսպիսով, 1-ին տեղը զբաղեցրեց կառավարման ֆակուլտետից Մանե Խաչատրյանը, 2-րդ տեղի համար մրցանակ շնորհվեց միաժամանակ 3 հոգու՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետից Նանե Ասատրյանին, կառավարման ֆակուլտետից Միլենա Պողոսյանին և Սոնա Արսենյանին: 3-րդ տեղի մրցանակի հասցեատերերը ևս 3-ն էին՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետից Ստելլա Բադալյանը, կառավարման ֆակուլտետից՝ Լիանա Խաչատրյանը և Լիլիթ Ղազարյանը: Հատուկ մրցանակ ստացավ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանող Դավիթ Ալավերդյանը, ինքնատիպ մտահղացման համար մրցանակի արժանացավ Արմինե Գրիգորյանը: Նրանք ստացան դիպլոմներ և որպես մրցանակ՝ գրքեր: Մնացած մասնակիցներին ևս դիպլոմներ հանձնվեցին:

Նախաձեռնությունը ողջունեց ամբիոնի ղեկավար Լուսինե Հարությունյանը՝ նշելով, որ հայերեն գեղեցիկ հաղորդակցվելու, ստեղծագործելու և երևակայական մտածողություն ձևավորելու տեսանկյունից մրցույթը կարևոր միջոցառում էր: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար:

asue.am-ի հետ զրույցում Մանե Խաչատրյանը, որի պատմվածքը լավագույնն էր համարվել, ասաց, որ գրել է ծանր մանկություն ապրած մի տղայի մասին, ով փորձում էր վաճառել մոր գնած կոշիկները՝ մորը նվեր առնելու նպատակով: Բայց մայրը հիվանդ էր, և տղան չի հասցնում իրականացնել նպատակը: «Առաջին հայացքից պատմվածքս կարող է ծանր թվալ, բայց ուղերձը բարի է, մայրական ու որդիական վեհ սիրո մասին է, ամենից առաջ ցանկացել եմ ցույց տալ մայր-զավակ փոխադարձ սերն ու նվիրվածությունը, որը սահմաններ չի ճանաչում»,-ասաց հեղինակը:

Առաջին մրցանակի արժանացած ուսանողուհու պատմվածքը կարող եք կարդալ այստեղ:

Մյուս մասնակիցների էսսեներին ևս կարող եք ծանոթանալ blog.asue.am-ում:

Շնորհավորում ենք բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին