«Ամբերդ» կենտրոնի փոխտնօրենը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային միջոցառման

Դիտումների քանակ՝ 2099

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանը ս.թ. դեկտեմբերի 13-16-ը մասնակցել է Մոսկվայում կայացած ՌԴ ԱԳՆ Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի Ակումբի տարեկան հավաքին:

Այցի մանրամասների վերաբերյալ asue.am-ի հետ զրույցում Վ. Աթոյանը փոխանցեց հետևյալը. «Արդեն ավելի քան 5 տարի է հանդիսանում եմ Ա. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամ: Ակումբը ինտելեկտուալ հարթակ է, որի անդամ են եվրոպական և ասիական երկրների պետական, քաղաքական, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր տարեվերջին հրավիրվում է Ակումբի հավաք, որի շրջանակներում տեղի են ունենում հանդիպումներ, բանախոսություններ և քննարկումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, ակադեմիական և մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչների հետ: Միջոցառումները անցկացվում են ինչպես բաց ձևաչափով, այնպես էլ՝ Chatham House-ի կանոններով: Քննարկվող թեմաներն ընդգրկում են միջազգային հարաբերությունների, համաշխարհային տնտեսության, գլոբալ անվտանգության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում արդի միտումներն ու հրատապ խնդիրները: Հավելեմ, որ Ակումբին իմ մասնակցությունը և մասնագիտական գործընկերային կապերը մշտապես փորձել եմ ծառայեցնել մեր համալսարանին և վերջինիս միջազգայնացմանը: Մասնավորապես վերոնշյալ հիմնադրամի ներկայացուցիչները ժամանակին այցելել են մեր համալսարան, Հիմնադրամի ֆինանսական և կազմակերպական աջակցությամբ ՀՊՏՀ-ում կազմակերպվել են արտերկրի ճանաչված փորձագետների մասնակցությամբ դասախոսություններ, իսկ մեր աշխատակիցները տարբեր տարիներին հրավիրվել են արտերկրում կազմակերպված մի շարք գիտակրթական միջոցառումների»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին