ՀՊՏՀ թենիսիստուհիները կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

08.07.2024
Դիտումների քանակ՝ 396

Սույն թվականի հուլիսի 12-24-ը ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը կմասնակցի Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կայանալիք Եվրոպական համալսարանական խաղերին, որը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի կողմից։

ՀՊՏՀ թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։ Վերջինիս ղեկավարությամբ հուլիսի 18-ին թիմի կազմում Հունգարիա կմեկնեն ՀՊՏՀ ուսանողուհի Մանե Ղազարյանը, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողուհի Ասյա Պողոսյանը և ՀՀ ուսանողական խաղերի հաղթող Ռիմա Խլղաթյանը։

Հիշեցնենք, որ մեր հավաքականն այս տարի մարզական ձեռքբերումներ է արձանագրել՝ դառնալով Հայաստանի ուսանողական մարզական 25-րդ խաղերի և Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպված «Ունիվերսիադիա–2024» միջբուհական մարզամշակութային միջոցառման հաղթող և այդ առիթներով արժանացել բուհի ղեկավարության բարձր գնահատականին և խրախուսանքին։

Մեզ հետ զրույցում  Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ մեր թենիսիստուհիները առաջնության են պատրաստվում մարզական բարձր ոգով և հաղթանակի տրամադրվածությամբ։

«Նախկինում ևս միջազգային ասպարեզում մեր մարզիկներն իրենց փայլուն են դրսևորել ֆուտզալում, շախմատում, վերջերս նաև՝ ձմեռային սպորտաձևերում և մշտապես՝ և΄ ներբուհական ու միջբուհական առաջնություններում, և΄ միջազգային ասպարեզում զգացել են բուհի ղեկավարության աջակցությունը, որը սերտորեն համագործակցում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ։ Մեր թենիսիստուհիներին, որոնք նաև ՀՀ սեղանի թենիսի կանանց հավաքականի անդամներ են, այս անգամ էլ ճանապարհում ենք բարձր տրամադրությամբ և սպասումներով։ Նշեմ, որ Ասյա Պողոսյանը, մինչ համալսարանական խաղերը, մասնակցելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ մաղթելով մարզուհիներին բարձր մրցակցային ոգի և մարզական հաջողություն։

Հավելենք, որ Հովհաննես Գաբրիելյանը, որպես Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի անդամ և համալսարանական խաղերի ֆուտզալի մրցումների կազմակերպման պատասխանատու, նույնպես մեկնելու է Հունգարիա և իր ներկայությամբ սատարելու է նաև մեր մարզուհիներին։

Հ․Գ․ Առաջին լուսանկարում մեր համալսարանի հավաքականն է։