Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի ուսումնական տարվա վերջին նիստը

04.07.2024
Դիտումների քանակ՝ 468

Հուլիսի 4-ին կայացավ 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի վերջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, գիտական խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Նիստի մեկնարկին բուհի ղեկավարի առաջարկով օրակարգում լրացվեց ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունը, որը հաստատվեց։

Զեկուցվող առաջին հարցը՝ ՀՊՏՀ գիտական խորհրդին կից հրատարակչական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին, որը ներկայացրեց Արմեն Գրիգորյանը, հաստատվեց։

Այնուհետև դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը ներկայացրեց գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի անդամ Մերի Բադալյանը։ Գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ դոցենտի գիտական կոչում շնորհեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արփինե Սարգսյանին։ ՀՊՏՀ ղեկավարը շնորհավորեց Արփինե Սարգսյանին՝ ընդգծելով, որ նա արժանի է այդ կոչմանը, քանի որ արդյունավետ գիտական գործունեություն է ծավալում թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում։

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը ներկայացրեց ֆակուլտետի 2023-2024 ուստարվա գործունեության արդյունքները։ Ձեռքբերումների շարքում դեկանը որպես իրողություն հատկանշեց ֆակուլտետի մեկ բակալավրական  և մեկ մագիստրոսական  կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը, ընդգծեց՝ ֆակուլտետի շրջանավարտների գերակշիռ մասը ուսումնառությանը զուգահեռ աշխատում է, և այդ թիվը հեռակա մագիստրատուրայում հասնում է ընդհուպ 100 տոկոսի։ Ընդունելության արդյունքները փաստում են՝ մասնագիտությունը պահանջված է, և համալրումն ընթանում է մրցութային։ Հիմնախնդիրների շարքում Մերի Բադալյանն անդրադարձավ ամբիոնների աշխատակազմերի երիտասարդացման գործընթացին, ուսումնառության նյութերի արագ թարմացման անհրաժեշտությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ոչ բավարար ներգրավվածությանը գիտահետազոտական աշխատանքներում և միջազգային ծրագրերում։

Դեկանի հաշվետվությունը գիտական խորհուրդը գնահատեց բավարար։

Արմեն Գրիգորյանը շնորհակալության հայտնեց գիտական խորհրդին, բուհի կոլեկտվին և ուսանողներին՝ ընդգծելով, որ համալսարանի մի շարք ծրագրերի հավատարմագրումը մեծ ձեռքբերում է, որում իրենց նշանակալի ներդրումն ունեն բոլոր ՀՊՏՀ-ականները։ Բուհի ղեկավարը հավելեց՝ այդ ձեռքբերումները մեզ ստիպում են անընդհատ աշխատել, զարգանալ և հետևողականորեն առաջ ընթանալ՝ պահպանելու ՀՊՏՀ մրցակցային դիրքերն ու ամրապնդելու մեր հեղինակությունը։

Գիտխորհրդի վերջին հարցը՝ ասպիրանտների և հայցորդների ատենախոսությունների գիտական ղեկավարների թեկնածությունը վերահաստատելու մասին, զեկուցեց գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Նա ասաց, որ, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» 37-րդ կետով, ըստ որի՝ «Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ 5-ից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ», անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշ վերանայումներ։ Հարցը գիտխորհուրդը հաստատեց։