ՀՊՏՀ երկու ուսանող դարձել է IDBank-ի կրթաթոշակակիր և արժանացել 1 մլն դրամ կրթաթոշակի
ՀՊՏՀ 1-ին կուրսի մագիստրանտներ Անուշ Հարությունյանը (մակրոտնտեսական վերլուծություն) և Հասմիկ Բաղդասարյանը (բանկային գործունեության կազմակերպում) մասնակցել են «IDBank-ի անվան կրթաթոշակ» ծրագրին և տեղ գրավել հաղթող հնգյակում՝ արժանանալով 1-ական մլն ՀՀ դրամ կրթաթոշակի՝ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար:
Կրթաթոշակների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, և քանի որ մագիստրատուրայում դասերը սկսվել են սեպտեմբերի 9-ին, շտապեցինք Անուշին և Հասմիկին հրավիրել լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին և արձանագրեցինք մրցույթի մասնակցության և հաղթական արդյունքի մասին առանձին մանրամասներ:
«Մրցույթի մասին տեղեկացել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանից, ով մեզ մշտապես տեղեկացնում է նման մրցույթների ու գիտաժողովների մասին: Նա ոչ միայն երաշխավորեց, այլև խրախուսեց, ուղղորդեց ինձ, մեծ աջակցություն ստացա նաև իմ դիպլոմային աշխատանքի ղեկավար Մելանյա Ղարագյոզյանից և խիզախեցի մասնակցել: Կարծում եմ՝ սա ոչ միայն հաղթանակ և ձեռքբերում է, այլև IDBank-ի հետ համագործակցության հրաշալի առիթ»,-ասում է Անուշը:
Մրցույթի կարգի համաձայն՝ աղջիկներն առաջին փուլում ներկայացրել են փաստաթղթեր՝ այդ թվում երաշխավորագրեր և CV, էսսեներ շարադրել «Ապագայի թվային բանկը», «Բանկային մեկ նորամուծություն» թեմաներով: Երկրորդ փուլում 100 դիմորդից ընտրված 20 մասնակիցների հետ մասնակցել են հարցազրույցի, երրորդում բանկի վարչության նախագահի հետ հանդիպմանը տեղեկացել են հաղթող դառնալու մասին:
«Հանդիսավոր արարողության ընթացքում բանկի ղեկավարությունը տեղեկացրեց, որ հաղթողներին կներգրավեն իրենց միջոցառումներում, կրթական ծրագրերում, փորձառության, ինչպես նաև աշխատանքի հնարավորություն կառաջարկեն, ինչը յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական գիտելիքների խորացման ու կայունացման համար կարևոր և արժեքավոր է»,- ասում է Հասմիկը՝ հավելելով, որ այս ձեռքբերման մեջ իրենց ներդրումն ունեն ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն ու բանկային գործի ու ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը:
Ուսանողների այս հաջողության մասին մեր բաժնին տեղեկացրեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, ով ՀՊՏՀ պաշտոնական կայքից տեղեկանալով մրցույթի հայտարարության մասին՝ շտապել է խորհրդատվություն տրամադրել ուսանողներին, որպեսզի նրանք ոչ միայն մասնակցեն մրցույթին, այլև կարողանան ճիշտ աշխատել համապատասխան թեմայով: Կարեն Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ ստացած մրցանակը կփոխհատուցի այժմ մագիստրատուրայում սովորող մեր ուսանողների ուսման վարձը: «Ուզում եմ նշել, որ մեր ուսանողները ակտիվ են հանրապետական մրցույթներին մասնակցելու հարցում, ինչում մեծ է մեր դասախոսների ներդրումը, որոնք խորհրդատվություն են տրամադրում, խրախուսում»,- ասաց ամբիոնի վարիչը:
Շնորհավորենք մեր խելացի, աշխատասեր ու նպատակասլաց ուսանողուհիներին, մաղթենք նորանոր ձեռքբերումներ և իհարկե հավելենք, որ նրանք բակալավրիատն ավարտել են գերազանցության Կարմիր դիպլոմով, Անուշը՝ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, Հասմիկը՝ բանկային գործ մասնագիտությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին