Համագործակցության ընդլայնման ցանկությամբ. Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ընկերության ներկայացուցիչներին
Աշխատաշուկայի և գործատուների հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ներկայացուցիչներին՝ կորպորատիվ բիզնեսի զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանին, բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանին, մանրածախ ռիսկերի կառավարիչ, ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Պողոսյանին և բանկի «Հանրապետության հրապարակ» մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Թորոսյանին:
Ողջունելով բանկի ներկայացուցիչների այցը Տնտեսագիտական համալսարան՝ Ռուբեն Հայրապետյանը նախ շեշտեց, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ընկերությունն իր կառավարման մշակույթով և գործունեությամբ մշտապես ուսանողների համար եղել է գրավիչ աշխատավայր, ապա հավելեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը աշխատաշուկայի հետ հարաբերությունների կառուցումն ու ընդլայնումը իր գործունեության նոր փուլի գերակայություն է հռչակել, և այդ համատեքստում այսպիսի հանդիպումները մեծապես կարևորվում են:
«Մենք ունենք փայլուն ուսանողներ, որոնք աշխատաշուկայում կարող են դառնալ հրաշալի կադրեր, սակայն այդ ներուժը, տարբեր պատճառներով, լիարժեք օգտագործված չէ: Նման համագործակցությունը միտված է հենց այդ նպատակին՝ հնարավորություն տալ գործատուներին, աշխատաշուկայի կազմակերպություններին մեր ուսանողներով և շրջանավարտներով համալրել իրենց կազմակերպությունները»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ հավելելով, որ համատեղ ծրագրերի իրագործումը կարող է լինել տարբեր ուղղություններով: Ռուբեն Հայրապետյանը նաև խոսեց ՀՊՏՀ գիտական ներուժի օգտագործման մասին՝ շեշտելով համալսարանի կողմից հետազոտությունների, փորձագիտական գնահատականների տրամադրման հնարավորության մասին:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ այն լավ առիթ է աշխուժացնելու բանկի և ՀՊՏՀ համագործակցությունը տարբեր ուղղություններով, ինչը նախկինում թույլ է եղել: Միհրան Մուրադյանը ներկայացրեց ուսանողների համար իրենց կողմից իրականացվող ծրագրերը, երկկողմ գործակցության համար հետաքրքրություն ներկայացնող իրենց առաջարկները: Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը նշեց, որ իրենց բանկը պատրաստակամ է նաև ուսումնական գործընթացին մասնակից դառնալ և աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ավարտին Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության և համագործակցության պատրաստակամության համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին