Թարմացված. տեսանյութ. վարկանիշավորման համակարգերում դիրքեր զբաղեցնելու համար մեզ իրական փոփոխություններ են պետք. Ռուբեն Հայրապետյան
«Կրթության որակի և վարկանիշավորման մասին խոսելիս պետք է նշել, որ դրանք միմյանց հետ շատ կապված են: Դրանք արտահայտում և հատկապես չափելի են դարձնում կրթության և հետազոտության որակները, և համալսարանները շատ բան ունեն անելու»,- այսօր ՀՊՏՀ-ում կայացած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ արձագանքելով ուսանողներից մեկի մտահոգությանը:
«Հիմա համաշխարհային պրակտիկան ամեն ինչ դարձրել է չափազանց պարտավորեցնող և հստակ, և որպեսզի մենք կարողանանք այդ ռեյտինգավորման համակարգերում գոնե ինչ-որ բարձր դիրքեր զբաղեցնել, ապա մի քանի ուղղությամբ իրական փոխությունների կարիք կա»,- հայտարարեց Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը: Նրա խոսքով՝ վարկանիշավորման հեղինակավոր համակարգերը հաշվի են առնում համալսարաններում միջազգային ուսանողների տեսակարար կշիռը, իսկ միջազգային ուսանողներ ներգրավելու համար պետք է անցնել միջազգային հավատարմագրում, ինչն էլ իր հերթին պահանջում է կրթության որակի բարելավում:
«Նույնը վերաբերում է հետազոտություններին. ցանկացած վարկանիշավորման համակարգ ենթադրում է, որ տվյալ համալսարանի դասախոսական կազմը պետք է ունենա որոշակի թվով հոդվածների հրապարակում ազդեցության գործակից ունեցող միջազգային ծրագրերում»,- ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ նման ամսագրերում տպագրվելու համար պետք է բարելավվել հետազոտությունների որակը, դասախոսների օտար լեզվի իմացությունը: «Եթե կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ չանենք այս ուղղությամբ, ապա հիպոտեթիկ, ամորֆ ռեյտինգավորման մասին խոսել չենք կարող»,- ասաց համալսարանի ղեկավարը՝ ավելացնելով, որ համալսարանների քայլերը պետք է լինեն հստակ ու հետևողական և անզիջում ածանցյալ դժվարությունների նկատմամբ:
«Մենք հիմա ապրում ենք պատմական ժամանակաշրջանում և, եթե կա այդ գիտակցումը, ուրեմն պետք է բոլոր համալսարաններս միասին համատեղ աշխատենք նույն խնդրի ուղղությամբ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ ավելացնելով. «Պետությունը հիմա ընտրել է մի ուղի, որը բոլորիս համար շատ պատասխանատու է: Եթե պետական տնտեսագիտական համալսարանը չկայանա, չուժեղանա, ուրեմն տնտեսական հեղափոխության ամբողջ գաղափարն է ստվերվում»:
Այս մասին տեսանյութը կարող եք դիտել ՀՊՏՀ յութուբյան ալիքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին