Համակարգչային հմտությունների զարգացում. ՀՊՏՀ ուսանողների համար մեկնարկեց MS Office անվճար դասընթացը

Դիտումների քանակ՝ 1369

«Մասնագիտականից հետո գործատուն կարևորում է համակարգչային հմտություններն ու անգլերենի իմացությունը, և այս անվճար դասընթացը հիանալի հնարավորություն է ամբողջացնելու մեր գիտելիքները, նախապատրաստվելու աշխատաշուկա մուտք գործելուն: Մասնակցում եմ մեծ ոգևորությամբ»,-այսօր MS Office դասընթացի մեկնարկին մեզ հետ զրույցում ասաց մասնակից-ուսանողուհի, կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Սվետլաննա Սողոմոնյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՊՏՀ ղեկավարության աջակցությամբ համալսարանի առկա բակալավրիատի 3-4-րդ կուրսերի ուսանողների համար իրականացվում է MS Office անվճար լրացուցիչ դասընթաց: Այն մշակվել է ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից, վարում են ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արգամ Արտաշյանը և դասախոս Անուշ Թումանյանը: Այսօր՝ առաջին դասին, նրանք ողջունեցին ուսանողներին և հորդորեցին ներկա գտնվել բոլոր հանդիպումներին, որպեսզի կարողանան ամբողջովին յուրացնել նախատեսված թեմաները:

Դասընթացի իրականացումը կազմակերպել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

Դասընթացի կազմակերպման ժամանակացույցը և ուսանողների խմբերի մասին տեղեկատվությունը, որ հրապարակել էինք ավելի վաղ, կարող եք տեսնել հետևյալ հղումով:

Դասընթացի մասնակիցներին մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին