Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի ուսանող է
ՀՊՏՀ հեռակա ուսուցման հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները նոյեմբերին հաճելիորեն կզարմանան. աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իրենց կուրսեցին է: Այսօր հրապարակեցինք հեռակա մագիստրատուրա ընդունված դիմորդների անունները, որոնց թվում է Սիմոն Մարտիրոսյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը չեմպիոնին և ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանին այսօր հյուրընկալեց իր աշխատասենյակում, շնորհավորեց ու բարի գալուստ մաղթեց:
Բուհի ղեկավարն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում մարզական կյանքը բավականին աշխույժ է և հույս հայտնեց, որ Սիմոն Մարտիրոսյանը նոր շունչ կհաղորդի դրան: Դիանա Գալոյանը մաղթեց, որ Սիմոնի ոսկե մեդալների կողքին տեղ գտնի նաև ՀՊՏՀ մագիստրոսի Կարմիր դիպլոմը:
Հովհաննես Գաբրիելյանն իր հերթին ներկայացրեց Սիմոն Մարտիրոսյանի մարզական ճանապարհը, հաջողություններն ու առաջիկա նպատակները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ բաժնի հետ զրույցում Սիմոն Մարտիրոսյանն ասաց, որ տնտեսագիտությունը պահանջարկ վայելող մասնագիտություն է, ուստի որոշել է մագիստրոսական կրթությունը Տնտեսագիտական մայր բուհում ստանալ: Նա ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական բաժինը:
Պրոֆեսիոնալ մարզիկը հետաքրքրվում է գործարարությամբ և վստահ է՝ տնտեսագիտական կրթությունն իրեն պետք կգա:
Նոյեմբերի 4-ին դասերը կմեկնարկեն, Սիմոնը խոստանում է հնարավորինս մասնակցել բոլոր դասախոսություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:
Շնորհավորում ենք Սիմոնին ՀՊՏՀ ուսանող դառնալու կապակցությամբ: Վստահ ենք՝ առաջիկա 2.5 տարում նրա մասին գրելու շատ առիթներ կունենանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին