TEDxASUE-ի նշաձողը սահմանված է, ժամանակն է գերազանցել այն (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2830

ՀՊՏՀ մեծ դահլիճում կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցավ երկար սպասված ТЕDxASUE միջոցառումը՝ «Կոտրելով սահմանները» կարգախոսի ներքո:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ողջունելով ներկաներին՝ նշեց. «Հարգելի՛ հյուրեր, ներկաներ, ուրախ եմ, որ այսօր ՀՊՏՀ-ն հյուրընկալում է TEDxASUE միջոցառումը։ Մենք վստահ ենք, որ նմանատիպ միջոցառումները մեր համալսարանում շարունակական են լինելու այն նախաձեռնող ուսանողների շնորհիվ, ինչպիսին ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Գրիգորյանն է, ով ՀՊՏՀ-ի հետ համատեղ երկարատև և արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողությամբ կազմակերպեց TEDxASUE միջոցառումը, որը զարգացման ճանապարհին մի կարևոր քայլ է և բուհում իր տեսակի մեջ առաջինը։ TEDxASUE-ն իրականացվում է TED միջազգային գրասենյակի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա։ TEDx զրույցները ուսուցողական են, տեղեկատվական, որը ենթադրում է, որ մեր համալսարանը, լիցենզավորված լինելով հյուրընկալել այս միջոցառումը, ֆորմալ կրթությանը զուգահեռ մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթությանը ևս։ Վերջինս իր ոչ պակաս կարևոր ներդրումն է ունենում անձի ինքնազարգացման, կատարելագործման ճանապարհին։ TEDx-ը նպաստում է նաև համալսարանական կյանքի աշխուժացմանը, նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտի մասնագետների միջև ցանցի ստեղծման և հետագա համագործակցության հեռանկարի տեսանկյունից»:

Այնուհետև հաղորդավարներ Գոհար Կարապետյանն (ՀՊՏՀ շրջանավարտ) ու Հայկ Քալանթարյանը (ՀՊՏՀ ուսանող) հանդիսատեսին և հյուրերին ներկայացրին միջոցառման կանոնները, որոնց մեջ շեշտեցին ամենակարևորը. «Չի՛ թույլատրվում տուն գնալ, քանի դեռ դուք չեք ծանոթացել գոնե մեկ լավ ու լուսավոր մարդու հետ»:

Բեմ հրավիրվեց առաջին խոսնակ Հայարփի Սահակյանը, ով իր ելույթում ներկայացրեց ձախողումները իրենց ողջ «հմայքով և էությամբ»: Սեփական հետազոտությունների հիման վրա Հայարփին իր տեսակետը ներկայացրեց փաստարկված և հետաքրքիր:

Երկրորդ խոսնակը՝ Արեգ Միքայելյանը, ելույթ ունեցավ աստղագիտության թեմայով, պատմեց աստղագիտության զարգացման տեսլականի մասին և հանդիսատեսին ներկայացրեց այդ գիտության նորահայտ շերտերը:

Երրորդ ելույթը նվիրված էր կանանց: Գոհար Հայրապետյանը հիացրեց դահլիճին կանանց մասին իր ձևակերպումներով, ներկայացրեց ԿՆՈՋը՝ իր ողջ վեհությամբ ու խորությամբ:

Առաջին բլոկի վերջին ելույթը բժշկության մեջ մասնավորապես 3D տպագրության մասին էր: Էմմանուել Ղանդիլյանը պատմեց, թե ինչպես է զարգանում բիոտպագրությունը և թե մի քանի տարի հետո ինչի է հնարավոր հասնել գիտության այս ճյուղի շնորհիվ:

Առաջին 4 ելույթի ազդեցությունից դուրս գալու և ինֆորմացիոն հետագա գրոհին դիմանալու համար TEDxASUE թիմը հյուրերի համար կազմակերպել էր սուրճի համեղ ընդմիջում, որի ընթացում հյուրերը հնարավորություն ունեցան նկարվել TEDxASUE մամլո պատի հետնապատկերին՝ օգտագործելով կամավորական թիմի պատրաստած photo booth-երը, մասնակցել TED club interactive խաղին` որպես մրցանակ ստանալով TEDxASUE միջոցառման կպչունները, շփվել խոսնակների հետ և, իհարկե, ծանոթություններ հաստատել:

Ընդմիջումից հետո սկսվեց միջոցառման երկրորդ մասը:

Հինգերորդ խոսնակ Արման Աթոյանը իր ելույթը սկսեց մուլտֆիլմից հատվածի ցուցադրությամբ, որը միանգամից կլանեց հանդիսատեսին: Այնուհետև պարզվեց, որ ելույթի մյուս հատվածները պակաս հետաքրքիր չէին, և դահլիճը հնարավորություն ունեցավ ծանոթանալու լրացված և վիրտուալ իրականության ներկայի և ապագայի մասին շատ հետաքրքիր ինֆորմացիայի:

TEDxASUE միջոցառման վեցերորդ խոսնակը՝ Ռազմիկ Սարգսյանը, խոսեց coaching թեմայով, ներկայացրեց «մորուք» խնդիրներն ու դրանց ազդեցությունը մեր կյանքում: Իր ելույթով Ռազմիկը ցույց տվեց, որ ոչ թե իրականությունն է ծնում զգացողություն, այլ զգացողությունը՝ իրականություն:

TEDxASUE-ն չէր կարող անցնել առանց տնտեսագիտական թեմայով ելույթի: Տնտեսագիտական հարթակը վստահված էր Ռուբեն Հայրապետյանին: Իր ելույթում Ռուբեն Հայրապետյանը խոսեց տնտեսագիտական կրթության, դրա կարևորության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Եվ վերջապես, TEDxASUE միջոցառման վերջին թեման խաղաղությունն էր: Նարինե Վարդանյանը պատմեց այն մասին, թե որքան դժվար է հայտնվել պատերազմի և խաղաղության արանքում, և որ հաղթելու ու խաղաղ լինելու միակ ելքը արարելն է, անդադար արարելը: Արցունքոտ աչքերով և հուզված էր հանդիսատեսն այս ելույթից հետո:

Ութ հիանալի ելույթ վայելելուց հետո ժամանակն էր շնորհակալություն հայտնել խոսնակներին, հանդիսատեսին, հաղորդավարներին, կազմակերպիչ թիմին, տեխնիկական անձնակազմին և հրաժեշտ տալ միմյանց:

Դժվար է փոխանցել այն, ինչ կատարվեց ՀՊՏՀ մեծ դալիճում սեպտեմբերի 29-ին TEDxASUE-ի շրջանակում, բայց արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

  • ·6 ամիս տևած, նախապատրաստական աշխատանք,
  • 4 կազմակերպիչ,
  • կամավորական աշխատանքի 300 հայտադիմում, 35 ընտրված կամավոր,
  • 7 հրավիրյալ, 1 ընտրված խոսնակ,
  • 8 տարբերվող ու անհամատեղելի թեմա` ներդաշնակված մեկ բեմում,
  • 8 տարածման արժանի գաղափար,
  • 100 մասնակից,
  • լեփ-լեցուն դահլիճ մինչև վերջին րոպեն,
  • 4 ժամ տևած միջոցառում՝ անխափան տեխնիկական լուծումներով ու հստակ օրակարգով,
  • պայծառ դեմքեր ու նոր ծանոթություններ, ժպիտներ, արցունքներ, հույզեր. համալսարանական հրաշալի միջոցառում:

Սա TEDxASUE-ն էր:

2019 թ. սեպտեմբերի 29-ին TEDxASUE թիմը սահմանեց նոր նշաձող. ժամանակն է գերազանցել այն:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գրիգորյանի նախաձեռնությամբ և ջանքերով՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի հետ համատեղ, ինչպես նաև ՀՊՏՀ այլ բաժինների աջակցությամբ: Հրապարակումը (ինչպես նաև լուսանկարները) պատրաստել և լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է ներկայացրել Գոհար Գրիգորյանը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի հետ համատեղ: