Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1135

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 24-ի հրամանով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի՝ դեկտեմբերի 7-ը այսուհետ կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:

Մեր երկիրը պատուհասած 1988 թ. Սպիտակի մեծ աղետից անցել է 31 տարի, և այսօր ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները հիշատակի միջոցառմամբ հարգանքի տուրք մատուցեցին ահարկու երկրաշարժի զոհերին և կրկին վերահաստատեցին, որ կարևոր է դասեր քաղել անցյալից և պատրաստ լինել աղետները դիմագրավելուն:

Միջոցառման կազմակերպիչը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ-ում արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանն էր, մասնակցում էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը, ամբիոնի դասախոսները, աշխատակիցները:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ավագ հրահանգիչներ Գուրգեն Մարտիրոսյանը և Նարինե Հովհաննիսյանը, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը, «Ուրարտու» համալսարանի դասախոս, հոգեբան Հասմիկ Կիրակոսյանը, «Կենտրոն» բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Հայրապետյանը, որոնք ելույթ ունեցան և պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին:

Բացելով միջոցառումը՝ Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի տարելիցին մենք ամեն տարի պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, բայցև պետք է պատրաստված լինենք դիմակայելու բնության տարերքին ու արհավիրքին, ապա հավելեց. «Յուրաքանչյուրս մեր բնագավառում պետք է նպաստենք ռիսկերի նվազեցման գործընթացին, որպեսզի աղետների ժամանակ մարդկային և նյութական կորուստները հասցվեն հնարավոր նվազագույնին»:

Հաջորդիվ ուսանողները՝ Այվազյան Օսկարը, Հայրապետյան Սիլվին, Հարությունյան Անահիտը, Ամիրզատյան Ալլան, Կուլախյան Թերեզան, Ազիզյան Նինան, փաստերի, տվյալների միջոցով, լուսապատկերներով և երաժշտության ուղեկցությամբ ներկայացրին Սպիտակի երկրաշարժին նվիրված ցուցադրություն:

Միջոցառման ավարտից հետո Սիրանույշ Հարությունյանը մեզ փոխանցեց, որ համալսարանում հիշատակի նման միջոցառում կազմակերպվում է ամեն տարի, և այն լրացուցիչ առիթ է ընդգծելու հիմնախնդրի կարևորությունը, և որ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի կողմից դասավանդվող առարկաները՝ «Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմունքներ» և «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության կազմակերպում», ուսանողին փոխանցում են այն իրազեկվածությունը, աղետներին դիմակայելու ընդունակությունը, բնակչության պաշտպանության հիմնահարցերի, ինքնօգնության և փոխօգնության վերաբերյալ այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք և շեշտադրվեցին այս միջոցառման ընթացքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին