Հայաստանում տնտեսական հեղափոխություն հնարավոր է. համոզված են ՀՊՏՀ ուսանողները

Դիտումների քանակ՝ 2196

«Մենք պետք է տնտեսական զարգացման այլընտրանքային ուղիներ որոնենք, մեր խնդիրները ինքնուրույն հաղթահարենք»,- այսօր «Հայաստանում հնարավո°ր է տնտեսական հեղափոխություն» խորագրով անգլերենի բաց դասին վստահ համոզմունք հայտնեց ՀՊՏՀ ուսանող Դմիտրի Սահակյանը: Դասը կազմակերպվել էր լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանի և նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Արմինե Գրիգորյանի առաջարկով, կառավարում մասնագիտության 2-րդ կուրսում: Ներկա էին կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը:

Ուսանողներ Դմիտրի Սահակյանը, Սվետլաննա Սողոմոնյանը, Էլլա Դավթյանը, Սոնա Զախարյանը, Հայարփի Շալունցը և Անահիտ Բեգլարյանը անգլերեն զեկուցումներ ներկայացրին՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը դիտարկելով որպես անհրաժեշտ և իրագործելի փոփոխություն: Դմիտրի Սահակյանը կանգ առավ Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտների վրա (շրջափակում, դեպի ծով ելքի բացակայությունը, հակամարտության առկայություն, փոքր շուկա և այլն), սակայն հույս հայտնեց, որ դրանք կարելի է շրջանցել այլընտրանքներ որոնելով՝ ստեղծարար գաղափարների, թարմ բիզնես նախագծերի, նորարարական տեխնոլոգիաների ոլորտի հզորացման շնորհիվ: Ուսանողը կարծում է՝ Հայաստանում կան նվազագույնը 5 տնտեսական ոլորտներ, որոնք գրավիչ են ներդրումների համար: «Օրինակ, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ տարվա 307 օրը արև է և այն կարելի է օգտագործել էներգիա ստանալու համար»,-ասաց զեկուցողը և իբրև հեռանկարային ոլորտներ առանձնացրեց ինչպես էներգաարտադրության, այնպես էլ կոնյակագործության, ոսկերչագործության, ՏՏ և ծառայությունների ոլորտները:

Հաջորդ զեկուցումը նախանշում էր մեր երկրում Էկոտուրիզմի զարգացման ուղիները. ինչո՞ւ և ինչպե՞ս զարկ տալ զբոսաշրջությանը, ստեղծել մի շարք աշխատատեղեր. այս հարցերի պատասխանները փորձել էին գտնել ուսանողուհիներ Հայարփի Շալունցն ու Անահիտ Բեգլարյանը: Նրանք հանրայնացրին իրենց հեղինակած նորարարական բիզնես նախագիծը: Մյուսներն էլ ներկայացրին Սինգապուրի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի տնտեսական զարգացման մոդելը, կատարեցին համեմատական վերլուծություններ Հայաստանի հետ: Լսարանը հարցեր ուղղեց բանախոսներին, ներկայացրեց նաև տեսակետներ քննարկվող հարցերի շուրջ:

Մեզ հետ զրույցում, ամփոփելով միջոցառումը, Լուսինե Հարությունյանն ասաց, որ գլխավոր նպատակն էր ուսանողներին խանդավառել սովորելու ցանկությամբ, նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել մասնագիտական թեմայի վերաբերյալ անգլերեն աղբյուրներ որոնելու, արժեքավոր տեղեկատվություն հավաքագրելու և ներկայացնելու, բանավիճելու նկատմամբ, ինչպես նաև հաղթահարել անգլերեն բանավոր հաղորդակցվելու հաճախ հանդիպող բարդույթը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին