Հայտագրման առաջին փուլի արդյունքները ՀՊՏՀ-ի համար նպաստավոր են, ունենք 1479 դիմորդ․ Արմեն Գրիգորյան

11.05.2022
Դիտումների քանակ՝ 1265

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն аsue.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլում ՀՊՏՀ արդյունքներին։ Հայտագրման առաջին փուլը, որով Տնտեսագիտական համալսարան է դիմել 1479 դիմորդ, ավարտվել է երեկ՝ մայիսի 10-ին։

-Պարո´ն Գրիգորյան, մայիսի 10-ին ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլի դիմում-հայտերի լրացման ժամկետը, ինչպիսի՞ արդյունքներ ապահովեց մեր համալսարանը:

-Պետք է նշեմ, որ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլի արդյունքներով ՀՊՏՀ-ն ունի 1479 դիմորդ։ Մեր համալսարանը, ինչպես նախորդող 2 տարիներին, պահպանեց իր կայուն տեղը՝ դիմորդների բացարձակ թվով զիջելով միայն ԵՊՀ-ին։ Մի տարբերությամբ, որ մեր համալսարանն ինչպես անվճար կրթական տեղերի, այնպես էլ մասնագիտական կրթական ծրագրերի թվով էապես զիջում է դիմորդների թվով, այսպես ասած, լավագույն եռյակը ձևավորող մյուս 2 բուհերին։ Մասնավորապես, ԵՊՀ-ն դիմորդներին առաջարկում է 59 կրթական ծրագրեր, որոնց գծով ունի 416 անվճար կրթական տեղեր, ՀԱՊՀ-ն՝ 37 կրթական ծրագրեր, որոնց գծով ունի 393 անվճար կրթական տեղեր։ ՀՊՏՀ-ն դիմորդներին առաջարկում է 11 կրթական ծրագրեր, որոնց գծով ունի ընդամենը 60 անվճար կրթական տեղ։ Այս պատճառով ՀՊՏՀ-ն ՀՀ բուհերի շարքում բացարձակ առաջատարն է դիմորդներ/անվճար կրթական տեղեր հարաբերակցության տեսանկյունից (24,65)՝ էապես գերազանցելով առաջատար եռյակի մյուս 2 բուհերին։ ՀՊՏՀ-ն 2-րդն է դիմորդներ/կրթական տեղեր հարաբերակցության տեսանկյունից (1,44)՝ այս միջինացված ցուցանիշով զիջելով միայն ԵՊԲՀ-ին, սակայն կրկին գերազանցելով լավագույն եռյակի մյուս երկու բուհերին։ Դիմում-հայտերի ընդունման 1-ին փուլի արդյունքներով ՀՊՏՀ-ն առաջատարներից է նաև թափուր մնացած կրթական տեղերի ցածր տեսակարար կշռի տեսանկյունից (0,3%)՝ զիջելով միայն ԵՊԲՀ-ին (0,11%)։ Թեպետ պետք է փաստել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը միակ բուհն է, որն 1-ին փուլի արդյունքներով թափուր տեղեր չունի։ Այս համեմատական ցուցանիշները փաստում են, որ չնայած ՀՊՏՀ-ն դիմորդների թվով ՀՀ բուհերի լավագույն 10-յակը ձևավորող առնվազն 6 այլ բուհերի (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՃՇԱՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան, ՎՊՀ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան) հետ մրցակցում է իր մասնագիտական պրոֆիլի բոլոր կրթական ծրագրերով, սակայն իր կրթական ծրագրերի բարեփոխումների, ձևավորած իմիջի և հեղինակության, ինչպես նաև արտաքին կապերի դեպարտամենտի ներքո գործող մասնագիտական կողմնորոշման թիմի ամենօրյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ ունի կայուն մրցունակություն, ինչն արտահայտվում է դիմորդների կողմից մեր համալսարանի կրթական ծրագրերին տրվող նախապատվության մեծ ծավալով և հետևողական աճով։ 2021 թվականի համեմատ, ՀՊՏՀ դիմորդների թիվն աճել է 12%-ով, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղինը՝ 37%-ով։ ՀՀ բոլոր համալսարանների դիմորդների թվում ՀՊՏՀ դիմորդների տեսակարար կշիռն այս տարի ավելացել է շուրջ 1,5 տոկոսային կետով։

-Իսկ ո՞ր կրթական ծրագրերն են առավել պահանջարկված և ինչպիսի՞ն է վիճակը այլ բուհերի համեմատ:

-Պետք է նշեմ, որ 2022-2023 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման առաջին փուլում ՀՊՏՀ 5 կրթական ծրագրեր հանդիսանում են հանրապետությունում ամենապահանջարկվածները։ Ամենապահանջված մասնագիտությունների եռյակում ընդգրկված են ՀՊՏՀ առնվազն 1, 5-յակում՝ առնվազն 2 և 10-յակում՝ առնվազն 5 կրթական ծրագրեր։ Ամենապահանջված 3 մասնագիտությունների շարքում ՀՊՏՀ «Կառավարում (ըստ ոլորտի)» կրթական ծրագիրը եզրափակում է լավագույն եռյակը։ Ամենապահանջված 5 մասնագիտությունների շարքում, բացի դրանից, ներառված է նաև ՀՊՏՀ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիրը։ Իսկ ամենապահանջված 10 մասնագիտությունների շարքում, ի հավելումն նշված երկուսի, ներառված են նաև «Տնտեսագիտություն», «Շուկայագիտություն (մարքեթինգ) /ըստ ոլորտի» և «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» ՀՊՏՀ կրթական ծրագրերը։

-Ինչպիսի՞ն է համալսարանական կրթության շուկայում ՀՊՏՀ-ի կողմից առաջարկվող մասնագիտությունների դիրքավորումը:

-Հարկ եմ համարում նշել, որ հատկապես տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառում ՀՊՏՀ համեմատական մրցունակությունն ու առաջատար դիրքերն առավել արտահայտիչ են։ Այսպես՝ թեպետ «Տնտեսագիտություն» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է ընդամենը 18%, սակայն մեր համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը դիմել է բոլոր դիմորդների 44%-ը։ ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» կրթական ծրագրին շուրջ 2 անգամ ավելի շրջանավարտ է դիմել, քան ՀԱՊՀ համանուն կրթական ծրագրին և 2,7 անգամ ավելի, քան ԵՊՀ համանուն կրթական ծրագրին։ Նույնկերպ, թեպետ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է ընդամենը 21%, սակայն մեր համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը դիմել է բոլոր դիմորդների 46%-ը։ ՀՊՏՀ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրին շուրջ 3 անգամ ավելի շրջանավարտ է դիմել, քան ԵՊՀ համանուն կրթական ծրագրին և 3,7 անգամ ավելի, քան ՀԱԱՀ համանուն կրթական ծրագրին։ Նույնկերպ, թեպետ «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է ընդամենը 21%, սակայն մեր համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը դիմել է բոլոր դիմորդների 48%-ը։ ՀՊՏՀ «Կառավարում (ըստ ոլորտի)» կրթական ծրագրին շուրջ 2,8 անգամ ավելի շրջանավարտ է դիմել, քան ԵՊՀ համանուն կրթական ծրագրին և 6-ական անգամ ավելի, քան ՎՊՀ-ի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի համանուն կրթական ծրագրերին։ Նույնկերպ, թեպետ «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է ընդամենը 52%, սակայն մեր համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը դիմել է բոլոր դիմորդների 83%-ը։ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) կրթական ծրագրին շուրջ 10 անգամ ավելի շրջանավարտ է դիմել, քան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի համանուն կրթական ծրագրին և 18 անգամ ավելի, քան ՃՇԱՀ համանուն կրթական ծրագրին։ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» կրթական ծրագրի կրթական տեղերի և դիմորդների 100%-ն առհասարակ բաժին է ընկնում ՀՊՏՀ-ին և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղին (համապատասխանաբար՝ 227 և 31 դիմորդ)։ Մեր համալսարանի ցուցանիշները գոհացուցիչ էին նաև STEM ուղղվածության մասնագիտական կրթական ծրագրերի առումով։ Մասնավորապես, «Վիճակագրություն» մասնագիտական կրթական ծրագրի դիմորդները բաժին են ընկնում բացառապես ԵՊՀ-ին (61) և ՀՊՏՀ-ին (61): «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է 28%, իսկ մեր կրթական ծրագրին դիմել է դիմորդների 29%-ը։ Սակայն ՀՊՏՀ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրին շուրջ 1,7 անգամ քիչ շրջանավարտ է դիմել, քան ԵՊՀ համանուն կրթական ծրագրին, սակայն 2,6 անգամ ավելի շրջանավարտ, քան Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համանուն կրթական ծրագրին։ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ՀՀ բոլոր բուհերի կրթական տեղերի թվում ՀՊՏՀ տեղերի թիվը կազմում է 19%, իսկ մեր կրթական ծրագրին դիմել է դիմորդների 28%-ը։ Սակայն ՀՊՏՀ «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրին շուրջ 1,7 անգամ քիչ շրջանավարտ է դիմել, քան ՀԱՊՀ համանուն ծրագրին, սակայն 1,4 անգամ ավելի, քան ՃՇԱՀ համանուն ծրագրին։ 2020 թվականից ՀՊՏՀ-ում համեմատական տատանումներով կայացող միջոլորտային մասնագիտությունների կրթական ծրագրերն այս տարի համալրվել են, սակայն պետք է նշեմ, որ այստեղ մեր դիրքերը նշանակալի չեն թե՛ կրթական տեղերի քանակության, թե՛ դիմորդների տեսակարար կշռի առումով։ «Սերվիս» մասնագիտության գծով թեպետ մենք դիմորդների թվով երրորդն ենք, սակայն շուրջ 7 անգամ զիջում ենք այս ոլորտի ավանդաբար առաջատար Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին և 3 անգամ ԵՊՀ-ին։ Թեպետ մեր կրթական տեղերը և ակնկալիքներն անհամեմատ փոքր են, քանի որ մենք այս մասնագիտությամբ հայտագրել ենք բոլոր տեղերի 5%-ը և ներգրավել բոլոր դիմորդների 7%-ը։ Գրեթե նույն պատկերն է նաև «Զբոսաշրջություն» մասնագիտության առումով, որտեղ հայտագրել ենք բոլոր տեղերի 11%-ը և ներգրավել բոլոր դիմորդների 20%-ին, սակայն առաջատար՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին զիջում ենք շուրջ 2 անգամ և ընդամենը 2 դիմորդ ավելի ունենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից։ Առաջին փուլում միակ խնդիրը «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագիրն է, որտեղ, կարծում ենք, դիմորդների բացակայությունը կապված է այս մասնագիտության համար սահմանված պարտադիր «Կենսաբանություն» առարկայի քննությամբ, որի փոխարեն այլ համալսարանների համարժեք կրթական ծրագրերի դեպքում սահմանված է «Մաթեմատիկա»։

-Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ինչպե՞ս եք գնահատում հայտագրման 1-ին փուլը:

-Ամփոփելով նշեմ, որ ընդհանուր առմամբ 2022-2023 ուսումնական տարվա հայտագրման 1-ին փուլի արդյունքները համալսարանի համար բավականին նպաստավոր են, ինչը կարող ենք համարել ՀՊՏՀ թիմի արդեն ավանդույթ դարձած արդյունավետ աշխատանքի հիմնական ցուցիչ։ Գոհացնող հանգամանք է, որ մեր համալսարանի նկատմամբ վստահությունն աճում է ոչ միայն արտաքին շահառու գործընկերների, այլ նաև հանրության շրջանում, ինչը դրականորեն է ազդում մեր բուհին և մեր կրթական ծրագրերին տրվող նախապատվությունների վրա։

Գործընթացի մասին մանրամասները կարող եք տեսնել կից փաստաթղթում։