Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1589

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանի հրավերով այսօր հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում և նշված ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկավ բաց դասախոսությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՄՏՀ ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Սարգսյանին՝ դասախոսության համար և հույս հայտնեց, որ սա չի լինի բանախոսի միակ ելույթը մեր համալսարանում: Ընդգծելով, որ Դավիթ Սարգսյանը ՀՊՏՀ շրջանավարտ է, ՀՊՏՀ ռեկտորը հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
Այնուհետ Դավիթ Սարգսյանը հանդես եկավ «Միջազգային տնտեսական ճգնաժամը և աճի նոր մոդելը» թեմայով դասախոսությամբ, անդրադարձավ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, դրա սկզբնավորմանը, ապա ընդգծեց, որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ տնտեսական անկումն էր: Բանախոսը ներկայացրեց մինչ ճգնաժամը գործող տնտեսական աճի մոդելը, շեշտեց, որ ճգնաժամից հետո սկիզբ է առել տնտեսական զարգացման նոր մոդել, որը բնութագրվում է տեխնոլոգիական փոփոխությունների արագությամբ և մարդկային գիտելիքի մեծամասշտաբ գործածմամբ: Դասախոսության ավարտից հետո Դավիթ Սարգսյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին