Լույս է տեսել Վարդան Աթոյանի «Ուղեղային կենտրոններ. ռազմավարական գաղափարների դարբնոցները» մենագրությունը

Դիտումների քանակ՝ 1792

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ-փոխտնօրեն, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանի հեղինակությամբ լույս է տեսել «Ուղեղային կենտրոններ. ռազմավարական գաղափարների դարբնոցները» մենագրությունը:  Գրքում քննարկվում են «ուղեղային կենտրոն» հասկացության սահմանման, տիպաբանության, գործառույթների և քաղաքական գործընթացներում դերակատարության, ինչպես նաև ուղեղային կենտրոնների ծագման ու զարգացման հարցերը:

Հեղինակը վերլուծել է տարբեր երկրներում ուղեղային կենտրոնների ոլորտի առանձնահատկություններն ու զարգացման արդի միտումները, միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել փորձագիտական-վերլուծական կառույցների ազդեցության մեխանիզմները որոշում կայացնողների և հասարակական կարծիքի ձևավորման վրա, պետություն-ուղեղային կենտրոններ փոխգործակցության մեխանիզմները, քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում այդ հաստատությունների ներուժի օգտագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին: Գիրքը բացառիկ է նրանով, որ հայկական քաղաքական գիտության մեջ առաջին համապարփակ անդրադարձն է հանրային քաղաքականության ոլորտում ուղեղային կենտրոնների դերակատարությանը:

Հեղինակը գրքում ամփոփել է խնդրի վերաբերյալ իր շուրջ տասնամյա գիտական ուսումնասիրությունները, այդ թվում՝ հայրենական և արտերկրի գիտական պարբերականներում հրապարակված հոդվածների, միջազգային գիտաժողովների զեկուցումների, մի շարք առանձին հետազոտությունների և միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով արտերկրի առաջատար ուղեղային կենտրոններ ակադեմիական այցերի հիմնական արդյունքները: Գիրքը նախատեսված է քաղաքագետների, միջազգայնագետների, պետական ծառայողների, քաղաքականության ոլորտում որոշում կայացնողների և ընթերցող լայն շրջանակների համար: Գիրքը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը: Այն առկա է ՀՊՏՀ, Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարաններում, Երևանի գրախանութներում:

Գրքի լույսընծայման առիթով շնորհավորում ենք Վարդան Աթոյանին, մաղթում նոր գիտական ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին